Նալբանդյան. Միասնականության բացակայության պատճառով է, որ մարդկությունն ականատես է լինում ցեղասպանությունների նոր փորձերի
Բոստոնի սրտում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողության ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է պատմական հիշողության կարևորությանը:
ԱԳ նախարարն ասել է. «Ասում են՝ մարդկային հիշողությունը կարճ է, բայց վստահաբար այդպիսին չէ մարդկության հիշողությունը։ Նրանք, ովքեր հույս էին տածում, որ ժամանակը մոռացության կմատնի ցեղասպանության հրեշավոր հանցագործությունը, խորապես սխալվել են։ Այսօր, գրեթե 100 տարի անց, հազարավոր մարդկանց ներկայությունն այս հուզիչ արարողությունը՝ դրա վառ ապացույցն է։
Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և վերահաստատում է, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ երբեք չի մոռանալու, չի լռելու, ճշմարտություն ու արդարություն է պահանջելու: Եվ հայ ժողովրդի՝ այս արդար պահանջներին պետք է աջակից լինեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են մարդկության խաղաղ ապագայի համար:
Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման ճանապարհ են հարթում։ Անկախ աշխարհաքաղաքական և այլ շահերից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար պայքարի ցեղասպանության դատապարտման և դրա կանխարգելման համար։ Այդ միասնականության բացակայության պատճառով է, որ մարդկությունն ականատես է լինում ցեղասպանությունների իրագործման նոր փորձերի»։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանն ընդգծել է. «Մեր միասնական ջանքերը սկսում են արդյունքներ տալ։ Շուրջ մեկ դար Թուրքիայում փակի տակ գտնվող քննարկումը բացվում է: Այդ առումով թուրք հայտնի գործարար Իցհակ Ալատոնի կոչը խորհրդանշական է. նա ասում է. «եկեք բարձրացնենք մեր ձայնը Անկարայի խորհրդարանում, եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը և առճակատվենք մեր անցյալի հետ»։
Ավելի ու ավելի շատ մարդիկ են Թուրքիայում սկսում մտածել Ալատոնի պես։ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները Ստամբուլում և այլ թուրքական քաղաքներում դրա վկայությունն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա