Գլխավոր դատախազն ընդդեմ ոստիկանապետի
«Հայկական ժամանակը» գրում է. «Վերջին օրերին իշխանության կուլիսներում քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հակասություններն են, որ արդեն իսկ կոնկրետ դրսևորում են ստացել»: Թերթը հիշեցնում է, որ երկարատև դեգերումներից հետո դատախազությունը քրգործ է հարուցել Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի դեմ. դեռ փետրվարին մամուլում լուր հայտնվեց, որ Ապերը «Jose» ժամանցի կենտրոնում ծեծել է «օբյեկտի» մենեջերին և առևանգել նրան: Ըստ նույն լուրերի, Ապերը ժամանցի կենտրոնում էր եղել ոչ միայն կնոջ՝ Քրիստինե Պեպելյանի, այլև ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսայի և դստեր ընկերակցությամբ: «Եվ ահա, Վ. Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը հետաքննեց, հետաքննեց միջադեպը և քրգործի հարուցումը մերժեց: Իսկ ահա Աղվան Հովսեփյանի ղեկավարած գերատեսչությունը վերացրել է քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցել քրգործ: Հասկանալի է, որ այս որոշմամբ Հովսեփյանն առնվազն ուզում է ցույց տալ, թե ով է իրավապահ համակարգի տերուտնօրենը: Սպասենք և տեսնենք, թե ինչով կավարտվի այս պատմությունը»,- գրում է թերթը: