ՏՏ նախարարություն ստեղծելու նախաձեռնությանը միացավ ևս երկու կազմակերպություն
Մի քանի օր առաջ` մայիսի 11-ին, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հանդես եկավ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին: Այդ նախաձեռնությանն միացել են տեխնոլոգիական ոլորտի այլ միություններ ևս` Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը, Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, իսկ այսօր նաև Տելեբժշկության հայկական ասոցիացիան և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը: Այս մասին հայտնում են ԻՏՁՄ-ից:
«Հայաստանյան տեխնոլոգիական ոլորտը համախմբվում է այս հարցի շուրջ, քանի որ ակնկալում է Հայաստանը վերականգնել որպես բարձր տեխնոլոգիական երկիր, իսկ մեկ միասնական կառավարման մարմին` նախարարություն, ունենալը հնարավորություն կտա ապահովել երկրի միջազգային վարկը՝ որպես տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն հռչակած պետություն»,- նշել է Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը:
Նրա կարծիքով՝ նախարարության ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և բժշկական ոլորտների խորը համագործակցությունը, ինչն էլ իր հերթին կխթանի տեխնոլոգիական տելեբժշկության ու էլեկտրոնային առողջապահության ոլորտում ազգային և միջազգային փորձի լայնածավալ ուսումնասիրությունները, հնարավորություն կընձեռվի էլեկտրոնային առողջապահության մակարդակը համապատասխանեցնել միջազգային ստանդարտների, կմշակվի և կիրականացվի տելեբժշկության ու էլեկտրոնային առողջապահության ոլորտի զարգացման երկարաժամկետ և նպատակային ծրագրեր և այլն:
Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանի կարծիքով՝ ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաև տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, իսկ միասնական և հետևողական կառավարումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հանդես եկավ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին: Նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀ-ում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան