Հունիսի 15-16-ին Երևանում կկազմակերպվի ԴիջիԹեք Բիզնես ֆորումը
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ հունիսի 15-16-ին Երևանում կկազմակերպվի ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքերով` այսօր Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտություն կա: «Իրավիճակը փոխելու և երկրում ինովացիոն տնտեսություն ստեղծելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հենց այդ միջավայրն է»,- ասաց Կ.Վարդանյանը:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ արդեն 3-րդ անգամ ֆորումի գլխավոր գործընկեր հանդիսացող ԱրմենՏել ընկերությունը կարևորում է միջոցառման դերը: «ԴիջիԹեք բիզնես ֆորումը մեծ հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում` խթանելով իրենց ընկերությունների վաճառքների ավելացումը, նոր շուկաների նվաճումը, հաճախորդների սպասարկման և արտադրանքների որակի կտրուկ բարձրացումը, արտադրողականության ավելացումը և այլն»,-ասաց Իգոր Կլիմկոն:
Նա տեղեկացրեց, որ «ԱրմենՏել»-ը ֆորումի ընթացքում այցելուներին կներկայացնի բջջային և ֆիքսված կապի, ինչպես նաև տվյալների փոխանցման բազմաթիվ բիզնես-լուծումներ: Մասնավորապես, «Վիրտուալ մասնավոր ցանցի» (VPN) ծառայությունը, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում: Դա թույլ է տալիս օպտիմալացնել ընկերության բիզնես գործընթացներն, ապահովել փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը, ստանալ կապի բարձր որակ: Կներկայացվեն նաև «ամպային տեխնոլոգիաները» և բիզնես-գործընթացներում դրանց կիրառման առավելութունները:
Նշվեց նաև, որ երկօրյա ֆորումը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, «DigiTec Business» ցուցահանդեսից, որին կմասնակցեն մոտ 40 տեղական և արտասահմանյան ընկերություններ:
Կ.Վարդանյանը հայտնեց, որ այս տարի աճել է հատկապես արտասահմանյան ընկերությունների և ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը ֆորումին: Ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու արտադրանքը կներկայացնեն կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Մոլդովայից, Խորվաթիայից:
DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում կխրախուսվի նաև սկսնակ ընկերությունների մասնակցությունը և նրանց համար կսահմանվեն հատուկ մասնակցության պայմաններ: «Նորաստեղծ ընկերություններին աջակցելը ռազմավարական խնդիր է մեզ համար: DigiTec բիզնես ֆորումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները` ներկայանալով թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»,- ընդգծեց Կ. Վարդանյանը:
ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացված կլինեն նաև «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթում հաղթած ուսանողական թիմերի նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը:
Նշենք նաև, որ 2008-ից կազմակերպվող ֆորումի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը: Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին