Կարեն Վարդանյան. «Եկել է ՏՏ ոլորտի պոտենցիալը տնտեսության տարբեր ճյուղերում օգտագործելու ժամանակը»
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող մի շարք կազմակերպություններ արդեն միացել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մայիսի 11-ին արված հայտարարությանը Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման վերաբերյալ: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ակնկալվում է, որ նախաձեռնությանը կմիանա 200-ից ավելի ընկերություն:
Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ն դիմել է ՀՀ նախագահին, նորընտիր խորհրդարանին` աջակցել ՏՏ նախարարության ստեղծման հարցում:
Կ.Վարդանյանը նշեց, որ նախորդ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ոլորտի ներկայացուցիչները նախարարության անհրաժեշտության մասին հարցը բարձրացրել են և այսօր ակնկնալում են, որ հարցին դրական լուծում կտրվի: «ՏՏ ոլորտը աստիճանաբար ընդլայնվում է. ներկայումս Հայաստանում կա 350 մասնավոր ընկերություն և այսօր եկել է այդ պոտենցիալը տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործելու ժամանակը»,- ասաց նա:
ԻՏՁՄ գործադիր տնօրենի խոսքերով`արդեն պատրաստ է նախարարության, կրթական ոլորտում բարեփոխումների և ՏՏ ձեռներեցության աջակցության կոնցեպցիաները: «Վերջին տարիներին բավականին լուրջ փոփոխություններ են գրանցվել ոլորտում և, եթե մեկ երկու տարի առաջ հիմնականում խոսում էինք հարկային վարչարարության, ԱԱՀ ի վերադարձնելիության և ինտերնետի որակի ու սակագնի մասին, ապա այսօր մենք արդեն խոսում ենք ինովացիաների, կրթության բարելավման և տեխնոլոգիական համալսարանական ծրագրերի մասին»,- ասաց նա:
Նշենք, որ ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղ է համարվել, իսկ ոլորտի զարգացման հայեցակարգում նշված է, որ մինչև 2018 թ. պետք է ստեղծվի 1000 ձեռնարկություն: Այսօր գործում են մոտավորապես 350 մասնավոր ընկերություններ, ինչը նշանակում է` հարկավոր է ստեղծել ևս 650 գործող կազմակերպություն: Սակայն Կ.Վարդանյանը նշեց, որ տարեկան Հայաստանում ստեղծվում է մոտ 50 ձեռնարկություն և սա նշանակում է, որ 2018թ-ին դրանց թիվը կհասնի մոտ 600-700-ի:
«Խնդիրն այն է, որ ձեռնարկությունների քանակը բավարար չէ` Հայաստանի տնտեսությունում պատշաճ մոդեռնիզացիա անելու համար, իսկ 1000 ձեռնարկության ստեղծումից հետո տնտեսական քաղաքականությունը երկրում կփոխվի: Դա վերաբերում է թե վճարված հարկերին, թե հասույթին, թե աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Կ.Վարդանյանը:
Ըստ նրա` կարևոր է նաև ոչ միայն տնտեսության մոդեռնիզացիան, այլև` անվտանգության համակարգի մոդեռնիզացիան: Մասնավորապես, այսօր Հայաստանը կարիք ունի կիբերզորքերի ստեղծման, որը կարող է լինել միայն մասնավոր-պետական համագործակցությամբ: Հաջորդ խնդիրը, Կ.Վարդանյանի խոսքերով, զինված ուժերի արդիականացումն է, իսկ այսօր միակ ոլորտը, որը կարող է ապահովել բարձր ճշգրտության զենքերի ստեղծում, դա ՏՏ ոլորտն է:
«Իսկ առանց պետական կառավարման հնարավոր չէ: Եթե առաջ ռազմարդյունաբերությունը հիմնված էր պետական գործարանների վրա, ապա այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտի 98%-ը մասնավոր ընկերություններ են, ուստի այդ համագործակցությունը պետք է կառուցվի»,- ասաց Կ.Վարդանյանը` հավելելով, որ խնդիրները բազմազան են, սակայն դրանք պետք է լուծվեն պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին