Վերջին զանգի օրը արտոնյալներ չեն լինի. Նորիկ Սարգսյան /տեսանյութ/
«Վերջին զանգի օրը ոչ արտոնյալ ծնողներ, ոչ էլ արտոնյալ երեխաներ չեն լինելու: Թող նեղանան մեզանից մեր բարեկամները, ղեկավարները, քան այդ օրը իրենց ուրախությունը տխրության փոխվի: Որևէ մեկը ապահովագրված չէ ճանապարհատրանսպորտային պատահարից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նա ծնողներին կոչ արեց ղեկը չհանձնել երեխաներին, իսկ երեխաներին էլ` պահպանել երթևեկության կանոնները:
«Կոչ եմ անում վարորդներին դպրոցների մոտ հատկապես լինել առավել ուշադիր և երեխաներ տեսնելուց կանգնել և զիջել երեխաներին»,-ասաց Նորիկ Սարգսյանը:
Նորիկ Սարգսյանը հիշեցրեց , որ մայիսի 25 -ին հանրապետությունում կայանալիք Վերջին զանգի միջացառումների հետ կապված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է մայիսի 25-ից հունիսի 3-ը ուժեղացնել վերահսկողությունը ավտոճանապարհներին` «Զգուշացե'ք, երեխաներ են» խորագրի ներքո:
Նրա խոսքով, 2011թ.-ին, կապված նրա հետ, որ շրջանավարտներ չեն եղել, վերոնշյալ տասնօրյակը որևէ ձևով չի առանձնացել, անցել է հանգիստ պայմաններում, գրանցվել է 60 ՃՏՊ, 7 զոհ, 84 վիրավոր, և որևէ երեխա չի տուժել, իսկ 2010 թ. այդ օրերին գրանցվել է մանկական 5 ՃՏՊ, 1 զոհ, 4 վիրավոր:
Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով, իրենց գործողություններն այդ օրը լինելու են բավականին խիստ, իսկ վերջին զանգի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
«Արդեն 10 օր է, մեր աշխատակիցները գնում են տարբեր դպրոցներ, հանդիպում տնօրեննների, երեխաների, մանկավարժների հետ, զգուշացվում է, որ ոգելիք խմիչքները արգելվեն, հանդիպում ենք նաև ծնողների հետ: Անձամբ ես հանդիպումներ եմ ունենում նաև մարզերում: Այս տարի առավել մեծ ուշադրություն է դարձվելու նաև Վերջին դաս միջոցառմանը»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում`
Ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից. Ոստիկանությունը դիմում է ծնողներին