Շքերթը և մարդու իրավունքները
Ժողովրդավարացման ճանապարհը բռնած երկրներում ներդրվող առաջնային և կարևորագույն ինստիտուտներից մեկը մարդու իրավունքներն են: Այսօրվա տեսքով, այն է՝ եվրոպական ժողովրդավարության համատեքստում այդ իրավունքները հասկացվում են որպես մարդու կամքի ազատ դրսևորում ամենատարբեր բանգավառներում, կամ, ավելի ստույգ, դրանցում ամրագրվում է մարդու իրավունքն այն ամենի նկատմամբ, ինչին նա ձգտում է իր կյանքում, ինչ նա կարևորում և արժևորում է:
Միևնույն ժամանակ շատ նուրբ և հայկական իրականության մեջ դեռ չուսումնասիրված և չիմաստավորված հարց է, թե կամքի ազատ արտահայտման ո՞ր դեպքերում կարելի է խոսել մարդու իրավունքների մասին /և, բնականաբար, այդ դրսևորումները պաշտպանել օրենքով/, իսկ որ դրսևորումները որևէ կապ չունեն մարդու իրավունքների հետ, բայց ներկայացվում են որպես այդպիսին:
Սակայն մինչ այս հարցին անդրադառնալը փաստենք մեկ այլ բան. ի սկզբանե մարդու իրավունքների հայեցակարգում տեղ է գտել մեթոդաբանական տեսակետից կոպիտ, իսկ հետագա զարգացման առումով՝ ճակատագրական մի սխալ: Այն կապված է մարդու և քաղաքացու իրավունքների միջև տարբերություն չդնելու, չտեսնելու հետ: Բանն այն է, որ մարդ որպես այդպիսին, ի սկզբանե, որևէ իրավունք չունի: Չունի, որովհետև չկա մեկը, ով նրան այդ իրավունքը տա և հետագայում հետևի դրա իրացմանն ու պաշտպանությանը: Այդ գործառույթն իրականացնում է միայն պետությունը: Ոչ բնությունը, ոչ էլ Աստված մեզ իրավունքներ չեն տալիս: Տալիս է միայն պետությունը:
Այսինքն՝ իրավունքներ ունի մարդ-քաղաքացին: Իսկ եթե մարդ որևէ երկրի քաղաքացի չէ, ապա նա, ըստ էության, իրավունքներ չունի, որովհետև չկա այն մարմինը /պետությունը/, որի իրավասության ոլորտում կգտնվեր այդ մարդը:
Միևնույն ժամանակ մարդկային ամենը չէ, որ իր արտահայտությունը կարող է կամ պետք է ունենա օրենքի տեսքով: Ենթադրենք, համասեռամոլների երթերն արգելելը երբքեր ու երբեք չի կարող որակվել որպես մարդու իրավունքների խախտում կամ ոտնահարում, որովհետև երթ անցկացնելու արգելքով չի արգելքում համասեռամոլ լինելը: Եվ եթե պետությունը պաշտպանում է չափահասների սեռական և կրոնական ազատության իրավունքը, դա չի կարելի հասկանալ որպես սեռական կամ կրոնական նախասիրությունները քարոզելու իրավունք: Այդ իրավունքը վերաբերում է միայն սեռական կամ կրոնական ազատությունը կրելուն:
Հայաստանում մարդու իրավունքների պատրվակով սեռական կամ կրոնական իրավունքների պաշտպանություն պահանջելն անտեղի է այն պարզ պատճառով, որ դրանք /իրավունքները/ քաղաքացիներին տրված են, և պետությունն այդ իրավունքներից օգտվողներին չի հետապնդում, դեռ ավելին՝ ապահովագրում է հասարակական պարսավանքից: Երթեր և ցույցեր կազմակերպում են, որպես կանոն, որևէ իրավունք ստանալու համար, իսկ եթե այն արդեն տրված է, կորում է հասարակական ակցիա անցկացնելու անհրաժեշտությունը:
Մի բան, որ չեն ընկալում եվրոպական շատ երկրների տարբեր սեռերի համասեռամոլներ՝ կազմակերպելով աննպատակ երթեր, որոնք թյուրիմացաբար ընկալվում են որպես մարդու իրավունքների արտահայտություն, իսկ այդ ընկալումը նույնքան տգետաբար ընդօրինակվում է Հայաստանում: Այդ երթերի առկայությունը որևէ կերպ չի վկայում եվրոպական երկրներում ժողովրդավարական արժեքների ճիշտ ըմբռնման փաստի վերաբերյալ, ինչպես նաև սեռական և կրոնական ազատության պայմաններում այդ «թեմաներով» երթեր անցկացնել արգելելը չի խոսում երկրում մարդու իրավունքների ոտնահարման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները