Հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ Հայոց ցեղասպանության թանգարանում` նվիրված Կլարա Բարտոնին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենան Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քևին Փաթին: Տեղի կունենա նաև 1896թ. Կլարա Բարտոնի կազմած զեկույցի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» անգլերեն և հայերեն գրքերի շնորհանդեսը: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցության շնորհիվ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ «Երախտագիտություն» անվանակարգով թողարկվել է Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալ, որով պարգևատրվելու են մարդասիրական աջակցություն ցուցաբերած անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ներդրում ունեցած անձինք:
Նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարանում բացվելու է նաև ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Կլարա Բարտոնին: Միջոցառման մասնակիցներին կտրվեն Կլարա Բարտոնի 190-ամյակի առթիվ թողարկված հիշատակի բացիկներ: Այնուհետև տեղի կունենա Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողի ամփոփման և հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողություն:
ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը ծնվել է 1821թ. Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում: ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում իր ծավալած մարդասիրական գործունեության համար Կ. Բարտոնը հայտնի է դարձել «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ: Տեղեկանալով Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ 1895-1896թթ. իրականացված զանգվածային կոտորածների մասին՝ Կ. Բարտոնը 1896թ. ժամանում է Կ. Պոլիս և շուրջ մեկ տարի ղեկավարում է ջարդերից տուժածներին և անօթևաններին նյութական օգնություն տրամադրելու գործողությունները:Կ. Բարտոնի ջանքերի շնորհիվ ջարդերից փրկված հայերին ապահովում էին կացարանով, սննդով, դեղորայքով և հագուստով: Օսմանյան կառավարության հարուցած բազմաթիվ խոչընդոտների պատճառով Կ. Բարտոնը ստիպված վերադառնում է ԱՄՆ: 1896թ. վերջին գործընկերների հետ Կլարա Բարտոնը հրատարակում է Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական գործունեության մասին զեկուցագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան