Ս.Նիկոյան. Վեհաժողովի անդամ երկրներին միավորում են ընդհանուր արժեքներ ու նպատակներ
«Ինձ համար մեծ պատիվ էր վերջին վեց ամիսների ընթացքում ղեկավարել խորհրդարանական վեհաժողովը: Վեհաժողովի անդամ երկրներին միավորում են ընդհանուր արժեքներ ու նպատակներ, այդ թվում Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- Ազգային Ժողովում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի բացմանը հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցությանը. «Ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն են ձեռք բերում: Մեր նպատակն է աջակցել ու զարգացնել այդ գործընթացները, որը պետք է նպաստի ոչ միայն երկրների ներքին խնդրիների լուծմանը, այլև երկրների և ժողովուրդների միջև վստահության ու փոխըմբռման հաստատմանը: Հենց այս գիտակցությամբ էլ շարժվում ենք տարածաշրջանային համագործակցություն ամրապնդելու ուղղությամբ»,- հավելեց իր խոսքը Ս.Նիկոյանն ու հույս հայտնեց, որ ՍԾՏՀ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները ժամանակ կունենան ծանոթանալ նաև մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը:
Նշենք, լիագումար նիստը կտևի երկու օր, Երևանում են 10 երկրների, այդ թվում և Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակները:
Նախորդիվ` http://panorama.am/am/politics/2012/05/23/session/