Նոր ինքնաբացարկներ չկան, մանդատների հանձնման օրը հայտնի չէ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկների մասին նոր դիմումներ դեռևս չի ստացել: Ինքնաբացարկների մասին վերջին պաշտոնական տեղեկությունը եղել է մայիսի 16-ին, երբ հայտարարվեց, որ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Հայ Ազգային կոնգրես դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Կարապետյանը և Արմեն Երիցյանը և «Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ տեղը զբաղեցրած Լարիսա Ալավերդյանը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակից շուրջ 69 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելու, սակայն այդ լուրերը մինչ այժմ պաշտոնապես դեռ չեն հաստատվել: Նույնն է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում. մամուլում շրջանառվում են լուրեր, որ Վարդան Օսկանյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը ինքնաբացարկ են ներկայացրել և այժմ ցուցակը պատրաստ է, սակայն ԲՀԿ-ից այդ մասին պաշտոնապես չեն հաստատում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 31-ին, ժամը 10:00-ին: Մինչ այդ ԿԸՀ-ն պետք է նորընտիր պատգամավորներին հանձնի իրենց մանդատները: Սակայն ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասաց, որ մանդատների հանձնման հանդիսավոր արարողություն տեղի կունենա, բայց երբ, հայտնի չէ, դեռ չի որոշվել: