Դատավորների դեմ ԱԱԾ-ում հայտարարություն է տվել բռնցքամարտի նախկին չեմպիոնը
Հայաստանի Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների դատավորներ Վարուժան Աբելյանի և Լյովա Գրիգորյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարություն է ներկայացրել Հայաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանը: Այդ մասին հայտնի է դարձել «ՓաստԻնֆո» գործակալությանը: Խալոյանը պնդել է, որ դատավորներն իր օգտին քաղաքացիական վճիռներ կայացնելու համար պահանջել են վիճելի բնակարանի 20 տոկոսը՝ որպես կաշառք:
Ըստ Խալոյանի, ինքը հրաժարվել է գումարը տալուց, ինչի արդյունքում էլ, իբր, դատավորները վճիռը կայացրել են ի վնաս իրեն: Դատավորները ԱԱԾ են հրավիրվել և հարցաքննվել որպես վկաներ ու հերքել քաղաքացու ներկայացրած մեղադրանքները: Բացառված չէ, որ տեղի ունենան նաև առերես հարցաքննություններ:
«Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Ա. Խալոյանը ԱԱԾ հաղորդում էր ներկայացրել նաև Ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Վահե Մանուկյանի դեմ՝ պնդելով, որ վերջինս իրենից խաբեությամբ վերցրել է 2000 ԱՄՆ դոլար՝ դատական ատյաններում իր օգտին գործողություններ կատարելու պատրվակով: Այս դեպքը բացահայտվել է ազգային անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում: Վ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, քանզի, ԱԺ գլխավոր մասնագետի լիազորությունների մեջ չի եղել դատական ատյաններում հօգուտ որևէ քաղաքացու դատական ակտի կայացումը: Ավելին՝ նախաքննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել, նաև այնպիսի ապացույցներ, տվյալներ, որոնք կվկայեին, որ Մանուկյանը փորձել է դատավորներից որևէ մեկի հետ բանակցել Խալոյանի օգտին դատական ակտ կայացնելու համար, ուստիև նրա գործողությունները որակվել են որպես խարդախություն:
Աղբյուրը նաև փոխանցում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2012թ. փետրվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետի հատկանիշներով և նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Panorama.am-ը այս թեմային անդրադարձել է և խոսել դատավորներից Վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանի հետ, որը դատավորներին վարկաբեկելու միտում էր տեսել այդ ամենի մեջ:
Նախորդիվ`
«Ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել». ԱԱԾ կանչված դատավոր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում