Գրանտակեր ՀԿ-ները հանձնարարություն են ստացել դրսից
Անդրադառնալով Երևանում վերջերս կայացած Մշակութային բազմազանության միջազգային օրվան նվիրված երթին` «Голос Армении»-ն նշում է, որ ՄԱԿ-ի կողմից մայիսի 21-ը Մշակութային բազմազանության օր էր հայտարարվել դեռ 9 տարի առաջ, և շատ զարմանալի ու կասկածելի է, թե ինչու հենց այս տարի, երբ Ադրբեջանում «Եվրատեսիլ» է անցկացվում, այն հանկարծ որոշեցին մեծ աղմուկով նշել նաև Հայաստանում: «Եթե շքերթի նպատակը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը չէր միայն, ինչպես պնդում են որոշ իրավապաշտպաններ, ապա ինչու՞ Մշակութային բազմազանության մի ամբողջ շաբաթ հայտարարելուց առաջ հասարակության հետ չեն իրականացվել համապատասխան տեղեկատվական աշխատանքներ, ինչու՞ այդքան ագրեսիվ կերպով ակտիվացան զանազան հ/կ-ներ և իրավապաշտպաններ, որոնք նախկինում երբևէ չեն խոսել մարդու իրավունքների պաշտպանությունից»,-գրում է թերթը` նկատելով, որ բոլորովին վերջերս Վրաստանում նույնպես հասարակությունը թույլ չտվեց համասեռամոլների շքերթ անցկացնել, սակայն ոչ մեկի մտքով չանցավ մեղադրել Վրաստանին անհանդուրժողականության մեջ: Ըստ «ГА»-ի` գրանտակեր կազմակերպությունների դրսից ստացած հանձնարարությունն էր Հայաստանը որպես անհանդուրժող երկիր ներկայացնելը, որպեսզի քաղաքական պարիտետ պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: