Ս. Սաֆարյան. ԲՀԿ-ն քաղաքական դաշտում իր դիրքը փոխելու հնարավորություն չունի/տեսանյութ
«Ուզում եմ սկսել այն բանից, որ այս խորհրդարանական ընտրությունները հետընտրական զարգացումների առումով առանձնապես չտարբերվեցին նախորդ ընտրություններից և թիվ մեկ պատճառը կարծում եմ նա է, որ խորհրդարանական ընտրությունների հետ հասարակությունն առանձնապես մեծ հույսեր չի փայփայում»,- այսօր անդրադառնալով հետընտրական զարգացումներին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Բանախոսի կարծիքով, կուսակցությունները հետընտրական ակտիվ գործողությունների չեն դիմել, քանի որ նախ` խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հասարակության հետաքրքրվածությունն է քիչ, և երկրորդ` ընտրակաշառք վերցրած քաղաքացին դուրս չէր գա փողոց:
Անդրադառնալով ընտրակաշառքի խնդրին, բանախոսը նշեց. «Ներկայիս իրողություններում ԱԺ-ն շատ քիչ բան է որոշում կամ ոչինչ չի որոշում և պատահական չէ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդիկ իրենց քվեն ավելի հեշտ են վաճառում, քան նախագահական ընտրությունների ժամանակ»:
Այնուհետև, խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի մասին, Ս. Սաֆարյանն ասաց. «Կասկած չեմ ունեցել և հիմա էլ կասկած չունեմ, որ կոալիցիա լինելու է»: Բայց, երբ լրագրողները տեղեկացրին, որ արդեն տարածվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու, բանախոսը նշեց. «Միևնույն է` ԲՀԿ-ն մտնի, թե չմտնի կոալիցիայի մեջ, քաղաքական դաշտում նա իր դիրքերը փոխելու, առավել ևս ընդդիմադիր քաղաքական ուժ լինելու հնարավորություն չունի: Այդ պարագայում ԲՀԿ-ի համար ռիսկերը չափազանց մեծ են»:
«Խնդիրը նրանում չի, թե ինչ անուն կտրվի այն միավորին, այն մեծամասնությանը, որը դե ֆակտո գոյություն կունենա քաղաքական դաշտում: Այն, որ այդ մեծամասնությունը լինելու է և այն, որ ԲՀԿ-ն ավելի շատ սպասարկելու է իշխող մեծամասնությանը, քան ընդդիմադիր որևէ շարժման, ես դրանում որևէ կասկած չունեմ»,- հավելեց պատգամավորը: