Սանահինի վանական համալիրի շինությունների վերականգնման-ամրակայման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում
Այս տարվա երրորդ եռամսյակում մեկնարկելու է Սանահինի վանական համալիրի Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցիների, նրանց հարակից նախագավիթ-տապանատան, գավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի վերականգնման-ամրակայման աշխատանքները: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
Վերականգնման-ամրակայման աշխատանքներն իրականացնելու է «ԱՀԱՆԱ» ՍՊԸ-ն, որը հաղթել է ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից 2011 թ. հայտարարված` Սանահինի վանական համալիրի կառույցների վերականգնման-ամրակայման նախագծային աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ մրցույթում, նախարարության գիտամեթոդական խորհրդի 2012 թ. մայիսի 10-ին կայացած N4 նիստում քննարկվել ու հավանության է արժանացել ընկերության ներկայացրած վերոնշյալ կառույցների վերականգնման-ամրակայման նախագծերը, որոնք սահմանված կարգի համաձայն հանձնվել են փորձաքննության:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010-2011 թթ. ընթացքում, մինչ հուշարձանի ամրակայման, վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, իրականացվել են պահպանվածության առումով համալիրի առավել վթարված գլխավոր` արևմտյան թևի հուշարձանախմբի կառույցների համալիր գիտական ուսումնասիրություններ: Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվել են տարածքի մասնակի պեղման ու հնագիտական հետախուզական աշխատանքներ:
Վենետիկի վերականգնման կենտրոնի և Բեռլինի բարձր տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների կողմից ժամանակակից լազերային սարքերով եռաչափ ճշգրիտ չափագրումների միջոցով նշվել են հուշարձանների պատերի ձևախախտումների ու ճաքերի առաջացման պատճառները, բնույթն ու դրանց ներկա վիճակը: «Երկիր և մշակույթ» կազմակերպության ֆրանսիացի մասնագետներն ուսումնասիրել և ներկայացրել են առաջարկներ կառույցների ծածկերի ջրամեկուսացման արդի տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: «ՀԱԿ պոլիտեխնիկ» արտադրական հետազոտական-հետազննական կոոպերատիվի կողմից բացվել և ուսումնասիրվել են Սբ Ամենափրկիչ տաճարի հիմքերն ու հիմնատակերը և տրվել է տեղանքի ինժեներաերկրաբանական պայմանների վերաբերյալ եզրակացություն: «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» կողմից ներկայացվել են կառույցների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություններ ու հուշարձանների հետագա պահպանությանը միտված արդյունավետ միջոցառումների կիրառման առաջարկություններ:
Նշենք, որ Սանահինի վանական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում (1996 թ):
Վանական համալիրի հիմնադիրն է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական գերեզմանատուն-դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` հարուստ գրադարանով: XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։
Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին