Հայաստանում թերաճ երեխաների թիվն ավելացել է. Նրանք հատկապես շատ են գյուղերում
Հայաստանում թերաճ երեխաների թիվն աճել է: Այս մասին ահազանգում են «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության-2010» զեկույցում ներառված արդյունքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, Առողջապահության նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացված ուսումնասիրությունների ու հարցումների վրա: 2010-ի դրությամբ Հայաստանում թերաճ է 0-5 տարեկան երեխաների 19 տոկոսը, որից 8 տոկոսը` ծայրահեղ թերաճ: 2005-ի համեմատ այս թիվն աճել է 6 տոկոսով:
«Համաձայն արդյունքների, մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը կարճահասակ է (թերաճ) կամ պարբերաբար թերսնված, որից 8 տոկոսը` ծայրահեղ թերաճ»,-ասված է զեկույցում:
Համեմատության համար նշենք, որ թերաճության մակարդակը Վրաստանում 11% է, Ադրբեջանում` 25%, Բելոռուսում` 4%, Եթովպիայում` 51%, Աֆղանստանում` 59%:
Հայաստանում թերաճության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 36-47 ամսական երեխաների շրջանում (26 տոկոս), իսկ ամենացածր մակարդակը՝ 9-11 ամսականների շրջանում (13 տոկոս): Ի տարբերություն աղջիկների, տղա երեխաների շրջանում այս ցուցանիշն ավելի բարձր է (18 և 20 տոկոս):
Հետազոտության ժամանակ կատարվել են մինչև 5 տարեկան երեխաների հասակի և քաշի չափումներ: Չափման ենթակա 1,462 երեխաներից (հարցման պահին 0-59 ամսական) գրեթե բոլորի համար գրանցվել են հավաստի տվյալներ (այսինքն չեն գրանցվել անհավանականորեն բարձր կամ ցածր տվյալներ):
«Խնդիրը ոչ միայն արդիական է, այլև գնալով ավելի լուրջ է դառնում»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առողջապահության և սնուցման ծրագրերի ղեկավար Լիանա Հովակիմյանը, բացատրելով, որ երեխաների շրջանում թերաճ կամ կարճահասակ լինելը խրոնիկ թերսունացման հետևանք է: Թերսնուցումը, ըստ մասնագետի, հանգեցնում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր և ուրիշ հիվանդությունների, առավել հաճախ` ռախիտի:
Ըստ մասնագետի, երեխաների թերսնուցման պատճառներից մեկը և ամենակարևորը ծնողների գիտելիքներն են` երեխային ճիշտ սնելու վերաբերյալ: «Մինչև երեխայի 6 ամսական դառնալը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խորհուրդ են տալիս կերակրել բացառապես կրծքով, իսկ դրանից հետո պետք է ավելացնել հավելյալ սննդամթերք, ավելացնելն ունի իր պահանջներն ու օրենքները` սննդի տեսակը, քանակը, սնվելու հաճախականությունը: Եթե այդ ընթացքում ճիշտ չավելացրեցին, ապա կարող են խնդիրներ առաջանալ»,-բացատրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Նա ընդգծեց, որ գյուղական վայրերում, երբ ծնողների կրթական մակարդակն ավելի ցածր է, խնդիրն ավելի բացահայտ է:
Արդյունքները վկայում են, որ թերսնվածության և թերքաշության ցուցանիշներն իրենց գագաթնակետին են հասնում 5 ամսական երեխաների շրջանում, այն ժամանակ, երբ երեխաներին ի հավելումն կրծքի կաթից սկսում է տրվել նաև այլ սնունդ:
Ըստ զեկույցի արդյունքների, կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց երեխաների շրջանում ավելի տարածված է կարճահասակությունը: Գյուղաբնակ երեխաների շրջանում այն փոքր-ինչ ավելի է տարածված, քան քաղաքաբնակ իրենց տարեկիցների մոտ (համապատասխանաբար` 22 և 17 տոկոս): ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում այս պարագայում մատնանշում են բուժաշխատողների պարտականությունների ոչ պատշաճ կատարումը:
«Բացթողումը երկկողմանի է: Բուժաշխատողը պետք է տրամադրի ճիշտ խորհրդատվություն, դա իհարկե ժամանակ է պահանջում, բոլոր բուժաշխատողները չէ, որ այդ ժամանակը ունեն, կամ էլ էնտուզիազմով լի չեն` աշխատելու ծնողների հետ: Ծնողների մեղքն էլ կա»,-ասաց Լ. Հովակիմյանը, ավելացնելով, որ մեծ ցանկության դեպքում կարելի է գտնել ճիշտ ինֆորմացիա սննդի վերաբերյալ, սակայն խոշոր հաշվով առողջապահության նախարարության մասնագետներն էլ թերացել են իրենց անելիքում:
Մասնագետն պատճառների թվում ընդգծեց նաև ընտանիքների ծանր սոցիալական վիճակը, որը հնարավորություն չի տալիս երեխաներին ապահովել լիարժեք սնունդով:
Երեխանների շրջանում խնդիր է նաև գերքաշությունը: Երեխաների 15 տոկոսը եղել են գերքաշ (քաշն ըստ հասակի բարձր է 2SD), ինչը գրեթե յոթ անգամ գերազանցում է նորմալ բաշխում ունեցող բնակչության տվյալը: Ի տարբերություն աղջիկների, տղաների շրջանում գերքաշությունն առավել տարածված է (14 և 17 տոկոս): Ըստ զեկույցի, այս տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանում, ավելի մեծ խնդիր է երեխաների գերսնուցումը, քան թերսնուցումը:
Թերսնուցումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս
Մինչև 6 ամսական տարիքի երեխաներ
• Մի տվեք ցանկացած այլ հեղուկ կամ սնունդ:
• Բացառապես մայրական կաթով կերակրումը նշանակում է, որ երեխան ստանում է միայն կրծքի կաթ և ոչ մի այլ հավելյալ սնունդ, ջուր կամ այլ հեղուկ:
• Կերակրեք երեխային կրծքով այնքան հաճախ, որքան նա ցանկանում է գիշեր, թե ցերեկ, ութ անգամից ոչ պակաս:
• Կյանքի առաջին օրերից սկսած կանխարգելիչ նպատակով երեխային տվեք վիտամին Դ-ի լուծույթ` ցանկալի է ջրային, օրական 400-500 միջազգային միավոր, մինչև 2 տարեկանը առանց սեզոնային ընդմիջման:
6-12 ամսական տարիքի երեխաներ
Սկսեք տալ հավելյալ սնունդն օրական 1-2 անգամ կրծքով կերակրումից հետո, աստիճանաբար 1-2 թեյի գդալից հասցնելով մինչև 250գրամ:
• Վաղ հասակի երեխաներին խորհուրդ չի տրվում տալ թեյ, քանի որ թեյը խանգարում է երկաթի յուրացմանը:
• Եթե երեխան կերակրվում է կրծքով, հավելյալ սնունդը տվեք կերակրելուց հետո օրվա ընթացքում 3 անգամ:
• Եթե երեխան կրծքով չի կերակրվում հավելյալ սնունդը տվեք օրվա ընթացքում 5 անգամ:
• Երեխային տվեք ուտելիք ընտանեկան սեղանից` լապշա, հաց, այլ մոկորոնեղեն,
• Բազմազան մրգեր` խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, խաղող, նարինջ կամ մանդարին,
• Կաթնաթթվային մթերք`մածուն կեֆիր, նարինե կամ թան:
• Սպիտակուցներով հարուստ սննդամթերքներ` ձու, կաթնաշոռ, եփած անյուղ միս, ձկնեղեն` քերիչով անցկացրած:
• Բանջարեղենի պյուրե դդմով, կարտոֆիլով, գազարով կամ ճակնդեղով և այլն:
• Թանձր հնդկացորենի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի շիլակաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստած:
12 ամսականից մինչև 2 տարեկան տարիքի երեխաներ
Կերակրեք երեխային օրական հինգ անգամ: Յուրաքանչյուր կերակրման ժամանակ տվեք մինչև 300մլ կան 1-1,5 բաժակ սնունդ, մասնավորապես`
• Բանջարեղենի հյութեր և մրգահյութեր, կոմպոտ թարմ մրգերից և մրգաչրերից:
• Մրգեր` խնձոր, դեղձ, տանձ, ծիրան, խաղող, նարինջ, մանդարին, կեռաս, բալ, սալոր, բանան:
• Բազմատեսակ կաթնամթերք` կաթնաշոռ, կեֆիր, թան, թթվասեր:
• Պաստերիզացված կաթ այն երեխաներին, որոնք չեն կերակրվում կրծքով:
• Եփած և քերիչով անցկացրած կամ մանր կտրատած անյուղ միս, ձու, ձուկ, լյարդ, լոբի:
• Ուտելիք ընտանեկան սեղանից` լապշա, հաց, այլ մոկորոնեղեն, թանձր ապուրներ:
• Թանձր հնդկաձավարի, սպիտակաձավարի, կամ եգիպտացորենի շիլա` կաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստված:
• Եփած և մանր կտրատած բանջարեղեն` կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, դդում, կաղամբ, դդմիկ կամ սմբուկ և այլն:
2 տարեկան և բարձր տարիքի երեխաներ
Երեխան պետք է ստանա բազմատեսակ սնունդ ընտանեկան սեղանից օրական 3 անգամ, ինչպես օրինակ բազմատեսակ ապուրներ, բանջարեղենի պյուրե, բորշ, շոգեխաշած միս բանջարեղենով և այլն:
Բացի այդ օրական երկու անգամ երեխան պետք է ստանա լրացուցիրչ սնունդ, որը կարելի է տալ կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում, մասնավորապես տվեք մրգեր, բանջարեղեն և դրանց հյութերը կամ կոմպոտները:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են