Բանդայի գործով կալանավորվածին չեն վիրահատում 10.000 ԱՄՆ դոլարի պատճառով
Բանդայի գործով կալանավորված Քյարամ Ամոյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր ու անորոշ: Առավոտյան՝ ժամը 11-ից Նուբարաշեն ՔԿՀ-ից Էրեբունի հիվանդանոց տեղափոխված կալանավորն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը մնում է անորոշ, քանի որ վերջինիս բուժզննման համար անհրաժեշտ գումարը չի վճարվել և հետևաբար հայտնի չէ, թե երբ նա կենթարկվի բուժզննման և երբ բժիշկները կվիրահատեն վերջինիս:
Փորձեցինք կապ հաստատել Էրեբունի հիվանդանոցի և Առողջապահության նախարարության հետ, պարզելու՝ արդյոք ֆինանսական խնդիրների պատճառով է անորոշ ժամանակով հետաձգվում կալանավորին զննելու և համապատասխան բուժծառայություն սպասարկելու աշխատանքները, սակայն մեզ ստույգ որևէ բան դժվարացան ասել, մի քանի անգամ խոստանալով, որ քիչ հետո սպառիչ պատասխան կստանանք:
Իրավիճակը պարզելու նպատակով փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՄԻՊ գրասենյակից ( ահազանգ է եղել նաև Պաշտպանի 116 թեժ գիծ և ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Էրեբունի բժշկական կենտրոն): ՄԻՊ մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Քյարամ Ամոյանին Էրեբունի բժշկական կենտրոնում չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ չունեն հատուկ հետազոտման անհրաժեշտ բուժսարքավորումներ, այդ պատճառով էլ կալանավորին ուղարկել են 1-ին հիվանդանոց:
Սակայն այնտեղ էլ հրաժարվել են ընդունել Ամոյանին, քանի որ անհրաժեշտ հետազոտության համար ահռելի ծախսեր են պահանջվել և չեն կարողացել պետպատվերի շրջանակներում իրականացնել, ինչից հետո հիվանդը կրկին տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց:
Թե ինչ բուժծառայություն է այս ընթացքում մատուցվել Ամոյանին, ԱՆ-ից առայժմ լուռ են, իսկ ՄԻՊ-ից չկարողացան ոչինչ ասել՝ ավելացրին միայն, որ Ամոյանի վիճակն իսկապես շատ ծանր է ու հայտնի չէ, թե ինչ է սպասվում նրան.
«Ճիշտն ասած մենք այս պահին չունենք ոչ մի ինֆորմացիա: Միայն գիտենք, որ Ամոյանը վերակենդանացման բաժանմունքում է , բայց թե ինչ են անում բժիշկները, մեզ դա հասանելի չէ, խուսափում են ասել թե ինչ են անում, չգիտենք մենք: Մեր արագ արձագանքման խմբին բժիշկները ոչինչ հստակ չեն ասել՝ նշելով, որ պետք է հիվանդը հետազոտություն անցնի և միայն այդ ժամանակ կպարզվի ինչ խնդիրներ ունի և ինչ է պետք անել: Անընդհատ կապի մեջ ենք հիվանդի մոր հետ և ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու և այլ խնդիրների դեպքում մայրը տեղեկացնի մեզ»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ չափի գումնարի մասին է խոսքը, ՄԻՊ-ից ասացին, որ բժիշկների փոխանցմամբ միայն հետազոտությունն արժե մոտ 10000 ԱՄՆ դոլար:
Մեր հարցին, թե ո՞վ է պատասխանատու լինելու դեպքերի վատ զարգացման դեպքում` Էրեբունի հիվանդանոցը , ՔԿՀ-ն, թե հիվանդի ծնողները, որոնք հրաժարվել են վճարել հետազոտման համար անհրաժեշտ գումարը, Պաշտպանի գրասենյակից ընդամենը փոխանցեցին հետևյալը. «Հենց այս պահին մեր իրավաբաններն զբաղված են այդ խնդրով, խնդիրն ուսումնասիրվում է: Դա ոչ միայն Քյարամ Ամոյանի դեպքում է այդպես , ինձ թվում է մի շարք քաղաքացիներ , որոնք դիմում են բուժհիմնարկներ, այդպիսի վերաբերմունքի են արժանանում՝ մինչև գումարը չեմ մուծում, բուժօգնություն չեն ստանում, ես դա կարող եմ փաստել: Այնպես որ խնդիրը գլոբալ է»:
Մինչ հոդվածի հրապարակման պահը սպասում էինք ԱՆ տեղեկատվությանը, սակայն այդպես էլ որևէ նոր բան հայտնի չդաձավ: Թե որքանո՞վ է կալանավորի վիճակը մնում ծանր , ի՞նչ է արվել և արվում նրան օգնելու ուղղությամբ, թե ինչպիսի հոգատարություն կդրսևորեն բժիշկները կալանավորի նկատմամբ և որքանո՞վ կալանավորին կարող է օգտակար լինել ահազագ ստացած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հուսանք մեզ հայտնի կդառնա քիչ ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում