Իրանում շարունակվում են հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցերը
Իրանում շարունակվում են հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցերը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ իրանա-ադրբեջանական սահմանին գտնվող Բիլե Սավար բնակավայրի հոգևորականները քննադատել են Ադրբեջանին՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում «գեյ-շքերթ» անցկացնելու մասին որոշումը՝ պաշտոնական Բաքվից պահանջելով վերանայել իր որդեգրած հակաիսլամական դիրքորոշումը:
Հավելենք, որ այս օրերին Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում «գեյ-շքերթ» անցկացնելու առնչությամբ՝ Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգների մի շարք քաղաքներում ևս տեղի են ունենեցել հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցեր և քայլերթեր, իսկ մինչ այդ, Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև կազմակերպվել էր բազմահազարանոց բողոքի ցույց էր կազմակերպվել:
Ի պատասխան իրանական կողմի գործողություններին, Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող անջատողական և ազգայնական խմբերի կողմից Բաքվում Իրանի դեսպանության առջև բողոքի ցույց կազմակերպվեց, որի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հասցեին վիրավորական հայտարարություններ հնչեցին:
Ի նշան բողոքի՝ մայիսի 21-ին Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին լքեց այդ երկիրը, իսկ հաջորդ օրն Իրանի ԱԳՆ կանչվեց Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: ԻԻՀ հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ հնչեցնելու փաստի առնչությամբ՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպանին ներկայացրեց իրանական կողմի բողոքի նոտան:
Նախորդող տեղեկատվություն՝ «ՖԱՐՍ». Ադրբեջանն իր հակաիրանական գործողությունների համար շատ թանկ կվճարի