Բաղդադում Իրանի և «5+1 խմբի» բանակցություններն ավարտվեցին առանց լուրջ արդյունքների
Բաղդադում Իրանի և «5+1 խմբի» բանակցություններն ավարտվեցին առանց լուրջ արդյունքների: Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ մայիսի 23-25-ը միջուկային ծրագրի շուրջ Բաղդադում տեղի ունեցած Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև բանակցություների երկրորդ փուլի ավարտին ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Իրանից ակնկալում են պարզորոշ քայլեր, որոնք վստահության միջավայր կստեղծեն հետագա բանակցությունների համար:
ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատարը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ երկու կողմերն էլ ցանկություն ունեն, որպեսզի բանակցություններում առաջընթաց արձանագրվի:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին էլ իր հերթին հայտարարել է, թե միջուկային ծրագրի շուրջ մանրամասն և հանգամանալից քննարկումներ են ունեցել, սակայն որոշ հարցերի շուրջ քննարկումն անավարտ է մնացել: Ջալիլիի խոսքով՝ մինչ հաջորդ հանդիպումը՝ կողմերի ներկայացուցիչները միմյանց հետ բանակացություններ կվարեն՝ նախապատրաստելու առաջիկա հանդիպմանը:
Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:
Նշենք, որ ապրիլի 14-ին միջուկային խնդրի առնչությամբ Ստամբուլում կայացել էր Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպման առաջին փուլը:
Հավելենք, որ օրերս Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ միջուկային ծրագրի առնչությամբ շուտով Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համաձայնագիր կստորագրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան