Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ զեկույցը լի է մանիպուլյացիաներով
Այսօր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը (Doc. 12937)՝ առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքըլսընի (Emma Nicholson, ALDE) գլխավորությամբ:
13 էջանոց զեկույցը, որը պարունակում է քաղաքական, իրավական գնահատականներ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ՝ թեկնածուների գրանցումից մինչև մամուլի ազատության միջավայր, հարուցել է ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի «զարմանքը և տարակուսանքը»՝ ներկայացված գնահատականների վերաբերյալ:
Մասնավորապես, արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտությունների» մասին պնդումներին, Դ.Հարությունյանը ընդգծել է. «...Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետևելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, և անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»:
Հայկական ներքաղաքական դաշտում տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած և ԵԽԽՎ զեկույցի հեղինակին «անակնկալի բերած»՝ նոր անձնագրերի մեծ թվի մասին հիշատակմանը՝ Դ.Հարությունյանը տվել է հետաքրքիր մեկնաբանություն. «2011-2012թթ ընթացքում տրված անձնագրերի մեծ թիվը … պարզապես բացատրվում է այն փաստով, որ Հայաստանը սկսել է տրամադրել ազգային անձնագրեր երկու տասնամյակ առաջ` 1992 թվականից` 10 տարի ժամկետով», և բնական է, որ 2011-2012թթ հին անձնագրերը պետք է փոխարինվեն նորերով:
Հղում անելով 1990-94թթ ծնելիության և մահացության ցուցանիշերի տարբերությանը, Դ. Հարությունյանը նաև մեկնաբանել է ընտրողների թվի աճը, ասելով, որ այդ թվերի ծնելության ցուցանիշը «գերազանցում է մահացության ցուցանիշը մոտավորապես 270 հազարով», ուստի 2012-ին այդ քաղաքացիները առաջին անգամ ստացել են ընտրության իրավունք և համալրել ընտրազանգվածը:
«Այս կողմնակալ և անարդար զեկույցի վնասելու ազդեցությունը նվազեցնելու համար ես լիազորված եմ պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համար», - ԵԽԽՎ ամբիոնում հայտարարել է Դ.Հարությունյանը:
«Զեկույցը լի է մանիպուլյացիաներով»,-ասել է Դ.Հարությունյանը՝ բերելով մի քանի օրինակներ, ինչպես նաև համեմատելով ներկայացված զեկույցը մեկ այլ եվրոպական գնահատականի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի հետ: «ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի և զեկույց հրապարակի ինքնուրույնաբար... այն պետք է հիմնված լինի միայն իրական, ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե`խոսք ու զրույցի», - առաջարկել է ՀՀ պատվիրակության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները