Կարեն Վարդանյան. «Մեր նպատակն է ՏՏ ոլորտի ձայնը լսելի դարձնել կառավարությունում»
Տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան 250 ընկերությունների մասնակցությամբ այսօր կայացավ «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների պետական կառավարում» խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում ներկայացվեց վերոնշյալ ոլորտները կարգավորող պետական կառավարման մարմնի` նախարարության ստեղծման անհրաժեշտությունը, որը մասնավորապես կհամակարգի մեր երկրում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ԻՏՁՄ վարչությունը հանդես եկավ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին: Այդ նախաձեռնությանն արդեն միացել են տեխնոլոգիական ոլորտի այլ միություններ ևս` Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը, Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, Տելեբժշկության հայկական ասոցիացիան և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, ինչպես նաև միության անդամ և ոչ անդամ կազմակերպություններ:
ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ՏՀՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, ինչը հիմնականում պայմանավորված է ոլորտի համախմբվածությամբ: Վերջինիս մասին է վկայում նաև այս համաժողովը, որի շուրջ, ըստ նրա, ևս մեկ անգամ կհամախմբվեն ոլորտի ընկերությունները` ներկայացնելով իրենց տեսլականը ոլորտի զարգացման տեմպերն ավելացնելու, երկրում բիզնեսի, կառավարման, պաշտպանության ոլորտների մոդեռնիզացիան ապահովելու նպատակով:
Նրա խոսքերով` այս խնդիրը բարձրացում է արդեն մի քանի, նախորդ տարի ներկայացվել է նաև ՀՀ նախագահի ուշադրությանը: Կ.Վարդանյանը նշեց, որ այսօր Հայաստանում արտադրվում են ժամանակակից լուծումներով փաթեթներ, սակայն այդ լուծումները մեր երկրում քիչ են օգտագործվում: «Այդ առումով մենք աշխարհում 100-րդ տեղում ենք, ինչը մեզ պատիվ չի բերում»,- ասաց Կ.Վարդանյանը և ավելացրեց, որ ՏՏ ոլորտին վերաբերող գործառույթները ցրված են տարբեր գերատեսչություններում, ինչը դժվարացնում է միասնական որոշումների մշակումն ու ընդունումը:
«Ուստի մեր նպատակն է ոլորտի ձայնը լսելի դարձնել կառավարությունում, այսինքն` կառավարությունում մարդ լինի, որ վեր կենա ասի` իմ առջև խնդիրներ եք դնում, ու ես դրանք լուծում եմ»,- հայտնեց Կ. Վարդանյանը և հավելեց. «Մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ տաղանդները ոչ միայն չեն գնում, այլ նաև հետ են վերադառնում»:
Նախորդող նյութ` Կարեն Վարդանյան. «Եկել է ՏՏ ոլորտի պոտենցիալը տնտեսության տարբեր ճյուղերում օգտագործելու ժամանակը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին