«Բանդայի» գործով կալանավորված Քյարամի մայրը սպառնում է ինքնահրկիզվել հայ-թուրքական սահմանին
«Բանդայի» գործով «Նուբարաշեն» քրեականատրողական հիմնարկից «Էրեբունի» բժշկական կենտրոն (ԲԿ) տեղափոխված ազգությամբ եզդի Քյարամ Ամոյանի առողջական վիճակը ծանր է, նա այժմ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է: «Էսօր տարանք առաջին հիվանդանոց մեզանից 10 հազար դոլար փող ուզին, բայց ես տասը դրամ չունեմ, ո՞նց էդքան փող տամ: Հիմա երեխես վերակենդանացման բաժանմունքում ա, չգիտեմ՝ ինչ անեմ»,- Panorama.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի հուսահատված մայրը՝ Կարինե Հակոբյանը:
Նա ասաց, որ որդին նախկինում ինսուլտ է տարել, և արյան զեղման հետևանքով այժմ վիճակը վատթարացել է և այդ պայմաններում միջնորդել են, որ գրավով ազատ արձակվի սակայն, այն չի բավարարվել:
Հիշեցենք՝ ազգությամբ եզդի Քյարամ Ամոյանը համարվում է 2011-ի սեպտեմբերի 23-ին Երևանում վնասազերծված ու մի քանի պաշտոնյաների բնակարանների վրա ավազակային հարձակում գործած «բանդայի» անդամ, որի կալանքի ժամկետը բոլորովին վերջերս ևս երկու ամսով երկարաձգվեց:
Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը, ավելի ուշ կալանավորվել էին:
«Իմ երեխան ոչ մի հանցանք չի գործել, ում տները մտել են, եկել են երեխուս տեսել են, ասել են հաստատ ինքը չի: Հանցագործներին ամսի 23-ին են բռնել, բայց մենք ամսի 20-ից եղել ենք Արարատում, դրանից առաջ էլ իմ երեխան նեռվերի համար բուժվում էր, մենք կապ չենք ունեցել: Ամսի 26-ին եկանք ու երեխուս բռնեցին, ոնց որ երեխես ռեցեդեվիստ էր կամ մարդասպան: Մեզ ուղղակի, որ եզդի ենք, տանջում են, ուրիշ պրոբլեմ չկա: Ինձ ասում են՝ քո երեխեն չի զղջում, բայց ինչի զղջա, որ չի արել, ինձ ասում են՝ քո երեխեն ոչ մի բան չի պատմում, բայց ինչ պատմի, ու՞մ վրա սուտ մատնություն տա», -պատմում էր Քյարամի մայրը:
Մայրն ասաց, որ կդիմեն ծայրահեղ միջոցների, ընդհուպ կդիմեն ինքնահրկիզման: «Եթե ոչ մի բան չեն անում, ուրեմն ես մի բան կանեմ, եզդիներով կգնանք թուրքի սահման, մենք մեզի վառենք: Իմ տղան Հայաստանի չեմպիոն ա, հո մենք գող ու ավազակ չենք: Վստահ ասում եմ, որ իմ տղան ոչ մի բան չի արել: Իրանք ուզում են, որ իրանց ղեկավարի տղաներին մեջտեղից հանեն, իմ տղուս վրա բարդեն, էդքան բան», -հայտարարեց տիկին Հակոբյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող «Բանդայի գործով» Քյարամ Ամոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն նրան «Էրեբունի» բժշկական կենտրոնում չեն ընդունել և ուղարկել են թիվ 1 հիվանդանոց, որտեղ նույնպես հրաժարվել են Քյարամին ընդունել` հետ ուղարկելով նրան «Էրեբուն» ԲԿ: