Ա.Ղուկասյան. «Թուրքական պատվիրակության հետ այնքան երկար էինք զրուցում, որ մնում էինք առանց ճաշի»
Մայիսի 22-24-ը Հայաստանում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 39-րդ պլենար նիստը: Նիստի և առհասարակ Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի վարած քաղաքականության վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանի հետ:
- Պարոն Ղուկասյան, ի՞նչ կարևոր դրույթներ կառանձնացնեիք ՍԾՏՀ ԽՎ վերջին նիստից:
Այդ նիստի ընթացքում քննարկվող հարցերը կարելի է բաժանել երեք մասի: Առաջինը դա ընտրության հարցն էր: ԽՎ քարտուղարությունում Ռուսաստանը ներկայացուցնող` հանձնաժողովի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը դժբախտաբար մահացել էր և այդ տեղն ազատ էր մնացել, որտեղ Ռուսաստանը նոր թեկնածու էր առաջարկել` պարոն Կապիշինին, որի ընտրությունները կազմակերպեցինք:
Երկրորդ խումբ հարցերը վերաբերում էին կանոնակարգային փոփոխություններին, որոնք շուրջ երկու տարի մենք քննարկել ենք տարբեր հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերում: Մասնավորապես, դրանք վերաբերվում էին մեր քարտուղարության պաշտոնների ռոտացիոն կարգին: Քարտուղարության աշխատողներն ընտրվում են տարբեր երկրներից, բայց մեկ անգամ ընտրվելուց հետո նրանք գործող կանոնակարգով հնարավորություն ունեն անընդհատ վերընտրվել նույն պաշտոնում, և այդպիսով փոքր երկրները չեն կարողանում ունենալ իրենց ներկայացուցիչները քարտուղարությունում: Հայկական պատվիրակությունն առաջարկել էր մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերվում էին գլխավոր քարտուղարին, գլխավոր քարտուղարի տեղակալներին և քարտուղարության մնացած ընտրովի պաշտոններին: Մենք առաջարկում էինք, որ ընտրվեն առավելագույնը երկու ժամկետով:
Այդ կանոնակարգային փոփոխություններից մեծ մասն արդեն ընդունվել է, օրինակ, գլխավոր քարտուղարի պաշտոն հետ կապված, արդեն որոշված է, որ երկու ժամկետից ավել չի կարող լինել, ինչ վերաբերվում է տեղակալներին և քարտուղարներին, այդ հարցը դեռ քննարկման փուլում է: Մեր թուրք կոլեգաների դիրքորոշումը բավական անհասկանալի է մեզ համար, քանի որ այդ փոփոխությունների համար նրանք նախորդ աշխատանքային խմբի և իրավական հանձնաժողովի նիստում կողմ էին քվեարկել, այստեղ` մշտական հանձնաժողովի նիստին նրանք ասացին, որ ևս համաձայն չեն և առաջարկեցին շարունակել քննարկել այդ հարցը: Այն նորից մտցվեց մոտակա աշխատանքային խմբի օրակարգ` նորից քննարկելու համար:
Իսկ հարցերի երրորդ խումբը նվիրված է տարբեր հանձնաժողովներում արդեն իսկ քննարկված հարցերի հաստատմանը: Նախորդ վեհաժողովը պետք է կայանար Ալբանիայում, բայց ալբանական կողմի ոչ կոնստրուկտիվ պահվածքի պատճառով այն տեղի չունեցավ և մենք ստիպված էինք վեհաժողովում քննարկել և քվեարկել նաև Ալբանիայում չքննարկված հարցերը:
- Եվ այսքանով ավարտվե՞ց ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի նախագահությունը
Այո', Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահությունը Երևանում հանձնեց Ադրբեջանին և հաջորդ վեց ամիսներին` մինչև նոյեմբեր, այն նախագահելու է Ադրբեջանը:
Նշեմ նաև, որ քանի որ ես չեմ լինելու ձևավորվող խորհրդարանում և հետևաբար չեմ լինելու նաև վեհաժողովի անդամ, որոշվեց ինձ և Թուրքիայի ներկայացուցչին շնորհվեց գովասանագիր` այդ կառույցում արգասաբեր գործունեության համար:
- Եկեք անդրադառնանք այն հարցին, թե ի՞նչ է ՍԾՏՀ-ի հետ համագործակցությունը տալիս Հայաստանին:
Առաջին հերթին այն մի հարթակ է, որտեղ տեղի են ունենում հանդիպումներ մեր տարածաշրջանի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ և քննարկվում են բազմաթիվ հարցեր: Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին տնտեսական համագործակցության կազմակերպություն է և այս կազմակերպությունում քննարկվում են մեծամասամբ տնտեսական հարցեր: Շատ կարևոր է լինել այդ քննարկումների էպիկենտրոնում, որտեղ շատ դեպքերում ընդունվում են բանաձևեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են Հայաստանին:
- Այսինքն` այս կառույցը հետաքրքրություն է ներկայացնում նաև հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմա՞ն տեսակետից:
Այո', անկասկած: Այդ կազմակերպությունում ես շատ կարևորում եմ ուղղակի շփումները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Դուք գիտեք, շատ հարթակներ չկան, որտեղ Հայաստանը կարողանում է ուղղակի շփումներ ունենալ այդ երկրների հետ:
Ե´վ այս համաժողովի շրջանակներում, և ընդհանրապես համաժողովների ժամանակ, անձնական շփումների ընթացքում բավական հարցեր են քննարկվում և դա մեծ օգուտ է տալիս այդ հարաբերությունների առաջխաղացմանը:
- Այս անգամ էլ, ԼՂ հակամարտության առնչությամբ ադրբեջնական կողմից որոշակի հայտարարություններ էին եղել:
Ե՛վ ԼՂ հիմնախնդիրը և թե՛ հայ-թուրքական հարցերը շատ ինտենսիվ քննարկվում են այդ հանդիպումների ժամանակ հայ և ադրբեջանցի, հայ և թուրք պատգամավորների միջև: Այս անգամ էլ լրագրողների հարցերին պատասխանելիս Ադրբեջանը ԼՂ հարցին անդրադարձավ նույն ապակառուցողական ձևով, ինչպես վերջին տարիներին մենք սովոր էինք տեսնել: Սակայն հայկական կողմը կարողացավ հակադարձել այդ հայտարարություններին: Կարծում եմ, որ շատ կարևոր էր ադրբեջանցի պատգամավորների այստեղ լինելը, քանի որ նրանք տեսան, հասկացան թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, ինպիսի վերաբերմունք և ինչպիսի պատասխաններ ունի Հայաստանը` բարձրացվող հարցերին: Բոլոր հանդիպումներին ժամանակ հայկական, թուրքական և ադրբեջանական կողմերի միջև բազմաթիվ առանձնազրույցներ են տեղի ունենում: Կարծում եմ, հենց այդպիսի զրույցներով ու շփումներով կավելանա վստահությունը մեր երկրների միջև:
- Փաստորեն, այս հարթակը չնայած ներկայանում է որպես տնտեսական կազմակերպություն, բայց նաև քաղաքական խնդիրների քննարկման համար որոշակիորեն արդյունավետ հարթակ է:
Այո', թեև տնտեսական վեհաժողով է, բայց սա քաղաքական մարմին է, որովհետև պատգամավորական պատվիրակություններ են մասնակցում այդ մարմնի աշխատանքներին և հենց քաղաքական պոլեմիկաների միջոցով է, կարծում եմ, ապահովվում այս կառույցի արդյունավետությունը: Հանդիպումների ժամանակ, իսկ ես հինգ տարուց ավելի է ներկայացնում եմ մեր երկիրն այս կազմակերպությունում, մենք թուրքական պատվիրակության հետ այնքան երկար էինք զրուցում, որ առանց ճաշի էինք մնում կամ չէինք ճաշում: Այդպիսի շփումներն ու զրույցներն ի վերջո հասնում են ղեկավարությանը: Շատ դեպքերում իրենք պնդում են իրենց կարծիքը, մենք` մերը, բայց բանականությունը միշտ հաղթում է: ճշմարտությունը ծնվում է բանավեճի ժամանակ:
- Անդրադառնանք տնտեսական ոլորտին, այս կառույցում մասնակցության արդյունքում ինչպիսի՞ տնտեսական հեռանկարներ են բացվում Հայաստանի համար:
Գիտեք, այդ տասներկու երկրների շարքում, որոնք ՍԾՏՀ ԽՎ-ում են, չկա մի երկիր, որ նույն կառույցի ներսում գտնվող երկրներից որևէ մեկի հետ խնդիր չունենա: Ես կարծում եմ, որ այս պարագայում տնտեսական հարցերը չի կարելի առանձնացնել քաղաքականությունից և ինչքան շուտ լուծվեն անդամ երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հակամարտությունները, այնքան ավելի լավ տնտեսական իրավիճակ կլինի մեր տարածաշրջանում: Ես շատ եմ կարևորում միևնույն տարածաշրջանի հարկային, մաքսային օրենսդրությունները ներդաշնակություն: Դա օգնում է և´ առևտրին, և´ շփումներին, և´ արտահանմանը, և´ ներմուծմանը: Այդ տիպի հացերը քննարկվում են և տարբեր երկրների արվում են առաջարկություններ փոփոխել այս կամ այն օրենսդրական ակտերը: Այս տեսակետից ևս վեհաժողովի աշխատանքները շատ կարևոր են:
Կուզենայի մի բան էլ ընդգծել, որ Հայաստանի` այդ կառույցում չլինելու դեպքում վնասը շատ ավելի մեծ կլիներ, քան օգուտը` լինելու դեպքում:
- Պարոն Ղուկասյան, եկեք անդրադառնանք նաև անձամբ Ձեր հետագա անելիքներին: Դուք չեք լինելու ձևավորվող ԱԺ-ում, ինչո՞վ եք զբաղվելու:
Գիտեք ինչ, այս ընտրություններին չմասնակցելն իմ որոշումն էր, քանի որ առաջիկա հինգ տարիներին ես նախընտրեցի զբաղվել տնտեսական գործունեությամբ, զբաղվել անձնական բիզնեսով: Ես ընդունում եմ որ գործարարները խորհրդարանում պետք է լինեն հնարավորինս քիչ և կարծում եմ, որ այսպիսով ինձ ավելի շատ ժամանակ կմնա` զբաղվելու տնտեսական գործունեությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան