Դավիթ Հարությունյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Հանրապետության օրվա կապակցությամբ` ՀՀ նախագահի հրամանով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանն այսօր պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Շքանշանը շնորհվել է երկրում օրինաստեղծ գործընթացներին, հասարակական քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու, ժողովրդավարության կայացմանը բերած նպաստի համար:
ՀՀ նախագահի նստավայրում անմիջապես նախագահ Սերժ Սարգսյանից պարգևը ստանալուց հետո` Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նման բարձր պարգևի համար` նշելով, որ դա պարգև է, ոչ միայն անձամբ իրեն, այլ նաև ԵԽԽՎ և եվրոպական կառույցներում պատվիրակությունների և Ազգային Ժողովի հանձնաժողովների` քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող այլ անդամներին, որպես համատեղ աշխատանքի գնահատական:
«Այօրվա պարգևը թերևս պատվիրակության կազմում և հանձնաժողովում շատ հաճախ ծավալված թեժ բանավեճերի արդյունքն է: Ես սա ընկալում եմ որպես մեր բոլորի պարգևը»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Տոնի կապակցությամբ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Պասսիոնարիա Լիպարիտի Հակոբյանը:
Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հովհաննես Հաբեթի Ղուկասյանը: Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Վաչագան Պետրոսի Թադևոսյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Համլետ Իսահակի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան