«Ղարաբաղի ուժը լեռների մեջ է, հայության ուժը` մշակույթի». Շուշին կրթամշակութային նոր կենտրոն ունի
«Հայաստան համահայկական հիմնադրամի» շուրջ 60 հոգուց բաղկացած պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, նախօրեին Շուշիում հանդիսավորությամբ բացել է կրթամշակութային կենտրոնի ուսումնական հատվածը, որը վերակառուցվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, Շուշիի բնակիչներ: Կարմիր ժապավենը կտրեցին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը, նախարար Նարինե Աղաբալյանը, ծրագրի նվիրատուներից` Օհան Օհանեսյանը:
Շահագործման հանձնված հատվածում կգործեն Մկրտիչ Խանդամիրյանի պետական թատրոնը, «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբը, նկարչության, բալետի, ժողովրդական գործիքների, ասեղնագործության խմբակները, մեծահասակների թատրոնը, ինչպես նաև տիկնիկային թատրոնը, որն անվանվել է կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անունով: Վերջինս ծրագրի նվիրատուներից է և տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի ձեռնարկներին:
«Ղարաբաղի ուժը լեռների մեջ է, հայության ուժը` մշակույթի»,- իր խոսքում նշել է Մկրտիչ Մկրտիչյանը կարևորելով մշակույթի դերը Շուշիի պատմամշակութային ավանդույթների վերածնունդի գործում:
Բացման արարողությունից հետո պատվիրակությունն այցելել է Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոց, որի ամբողջական հիմնանորոգումը մոտենում է ավարտին: Ծրագիրն իրականացվում է Մոսկվայի ճաշկերույթ-դրամահավաքի հասույթից և ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ: Շուտով կգործեն նաև երկու համակարգչային դասասենյակները, որոնք հիմնվել են Հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմնի անհատ նվիրատուների հովանավորությամբ:
Ըստ աղբյուրի, այնուհետ, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար, ինչպես նաև Շուշիի պատմական Մարիամյան օրիորդաց դպրոց, որը հիմնանորոգվել է ԼՂՀ կառավարության ջանքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում