ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչը պարզաբանել է 27 տոկոս հարստացված ուրանի մասին տեղեկատվությունը
Իրանում 27 տոկոս հարստացված ուրանի հետքեր երևալու փաստը տեխնիկական պատճառներ ունի: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչը, մեկնաբանելով արևմտյան որոշ լրատվամիջոցների այն պնդումները, թե Իրանում 27 տոկոս հարստացված ուրանի հետքեր են հայտնաբերվել, նշել է. «Ինչպես ԱԷՄԳ-ի զեկույցում է նշված` 27 տոկոս հարստացված ուրանի մասին հարցը սովորական տեխնիկական հարց է, որը ներկայում հետաքննվում է մասնագետների կողմից: Այլ երկրներում ևս պատահում են նմանատիպ տեխնիկական խնդիրներ. Ուստի` որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել այս հարցը և թուլացնել Իրանի և ԱԷՄԳ-ի միջև առկա համագործակցությունը»:
Սոլթանիեն հավելել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը վկայում է, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի խաղաղ բնույթ:
Հավելենք, որ օրերս Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ միջուկային ծրագրի առնչությամբ շուտով Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համաձայնագիր կստորագրվի:
Հիշեցնենք, որ մայիսի 23-25-ը միջուկային ծրագրի շուրջ Բաղդադում տեղի ունեցավ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև բանակցություների երկրորդ փուլը, իսկ մինչ այդ՝ ապրիլի 14-ին, Ստամբուլում կայացել էր Իրանի և «5+1 խմբի» հանդիպման առաջին փուլը:
Բաղդադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումն անցկացնել հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան