Նոր Ընտրական օրենսգիրքը կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում այդպես էլ չավելացրեց
Նորընտիր Ազգային Ժողովում կին-պատգամավորների թիվը այնքան էլ մեծ չի լինի, ինչպես ակնկալվում էր: Այդպես, Panorama.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հինգերորդ գումարման ԱԺ 37 հոգանոց ԲՀԿ խմբակցությունում ներկայացված կլինի ընդամենը երկու կին պատգամավոր` ինքը` Ն.Զոհրաբյանը, և ԲՀԿ համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում ներկայացված փաստաբան Էլինար Վարդանյանը:
Հանրապետական կուսակցությունը Ազգային Ժողովի իր խմբակցությունում կունենա 9 կին պատգամավոր` յոթը համամասնական ցուցակով, իսկ երկուսը մեծամասնական ընտրակարգով կստանան պատգամավորի մանդատներ: Համամասնական ցուցակով անցածների թվում են գործող երկու պատգամավորները` Հերմինե Նաղդալյանն ու Կարինե Աճեմյանը: «Նորելուկների» թվում` Մարգարիտ Եսայանը, Արփինե Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը և այլն:
«Օրինաց երկիրը» դարձյալ մեկ կին պատգամավոր կներկայացնի ԱԺ-ում` Հեղինե Բիշարյանը, ում, շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը կարող է ԱԺ փոխխոսնակի պաշտոնի թեկնածու դարձնել (չորրորդ գումարման ԱԺ-ում այդ քվոտան Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ինն էր), ինչը պարզ կլինի արդեն մայիսի 31-ի նիստում:
«Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը ևս մեկական կին պատգամավոր կունենան խորհրդարանում ` Զարուհի Փոստանջյանը և Լյուդմիլա Սարգսյանը: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ, այս երկու կին թեկնածուները ԿԸՀ-ին իրենց ինքնաբացարկները չեն ներկայացրել:
Եվ միայն Դաշնակցությունն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Ազգային Ժողովում չի ունենա. ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին կին-թեկնածուն նախօրեին ինքնաբացարկ է հայտնել: Ընդ որում, միակ այդ կին թեկնածուն ամենևին էլ Ռուզան Առաքելյանը կամ Լիլիթ Գալստյանը չէր, որոնք 2007թ-ից ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր են, բայց համամասնական ցուցակում ի սկզբանե ներկայացվել էին ոչ անցողիկ տեղերում: Սակայն անգամ անցողիկ տեղում ներկայացված Կարինե Հարությունյանը, փաստորեն, ևս մնաց առանց մանդատի:
Այսպիսով, հինգերորդ գումարման Ազգային Ժողովում կունենանք ընդամենը 14 կին, տոկոսային առումով` 10 տոկոս:
Նշենք, որ 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ պատգամավորի մանդատ ստացան 12 կին, սակայն միայն 10-ը մինչև վերջ մնացին պատգամավորական լիազորությունների շրջանակում: Այլ կերպ ասած` հօգուտ կանանց ներկայացվածության բարեփոխված Ազգային Ժողովը «դե-ֆակտո» ոչինչ էլ այդ իմաստով չփոխեց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները