Քլինթոնը հունիսի 4-ին կլինի Երևանում
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիս 4-ին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը վկայակոչելով, լրատվամիջոցները նշում են, որ մայիսի 31-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Քլինթոնը կլինի Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:
Կովկասում պետքարտուղարը կլինի հունիսի 4-7-ը: Բոլոր այս երկրներում, ըստ աղբյուրի, Քլինթոնը կքննարկի տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման վերաբերյալ հարցեր:
Հայաստան ամերիկացի պաշտոնյան կայցելի հենց հունիսի 4-ին: Նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:
Հայաստանից նա կուղևորվի Վրաստան, Բաթումիում կբացի ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության կոմիտեի լիագումար նիստը, ապա կլինի Ադրբեջանում, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ:
Շրջագայությունը Քլինթոնը կավարտի Ստամբուլում: Այստեղ նա կվարի գլոբալ հակաահաբեկչական ֆորումի նախարարների հանդիպումը:
Կքննարկվեն նաև Սիրիայի ու Իրանի վերաբերյալ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում