Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գնահատմամբ՝ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գնահատմամբ՝ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
Սոլթանիեի գնահատմամբ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը վկայում է, որ Իրանն ուրանի հարստացման աշխատանքներն իրականացնում է գործակալության հետ համաձայնեցված՝ փորձագետների վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ օրերս ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչն «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով արևմտյան որոշ լրատվամիջոցների այն պնդումները, թե Իրանում 27 տոկոս հարստացված ուրանի հետքեր են հայտնաբերվել, նշել էր. «Ինչպես ԱԷՄԳ-ի զեկույցում է նշված` 27 տոկոս հարստացված ուրանի մասին հարցը սովորական տեխնիկական հարց է, որը ներկայում հետաքննվում է մասնագետների կողմից: Այլ երկրներում ևս պատահում են նմանատիպ տեխնիկական խնդիրներ. Ուստի` որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել այս հարցը և թուլացնել Իրանի և ԱԷՄԳ-ի միջև առկա համագործակցությունը»:
Հավելենք, որ օրերս Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ միջուկային ծրագրի առնչությամբ շուտով Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համաձայնագիր կստորագրվի:
Մայիսի 23-25-ը միջուկային ծրագրի շուրջ Բաղդադում տեղի ունեցավ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև բանակցություների երկրորդ փուլը, իսկ մինչ այդ՝ ապրիլի 14-ին, Ստամբուլում կայացել էր Իրանի և «5+1 խմբի» հանդիպման առաջին փուլը:
Բաղդադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումն անցկացնել հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են