Ստյոպա Սաֆարյանն առաջարկում է Փակ շուկայի հարցով հանրաքվե անցկացնել
«Իմ հիմնական նպատակն է տեսնել ու հասկանալ, թե ի՞նչ է կատարվել երեկ երեկոյան շուկայի հետ և երկրորդը` պայմանավորվել բոլոր ակտիվիստների հետ տեղի ունեցածի վերաբերյալ հետագա անելիքների առումով: Սա ուղղակի վանդալիզմ է. ապօրինաբար քանդվում է ոչ միայն պատմությունն ու պատմական արժեքը, այլ նաև ոտնահարվում են ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը»,-Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության դեռևս ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Փակ շուկայի տարածքում: Պատգամավորը առավոտից տարածքում էր և նշեց, որ ավելի շատ որպես ակտիվիստ է այստեղ, քան պատգամավոր:
Ս.Սաֆարյանի խոսքով, որքանով ինքը տեղյակ է այս պահի դրությամբ չկա օրենքով հաստատված որևէ նախագիծ. «Եթե այդ նախագիծը լիներ, ապա ողջ հանրությունը դրան հնարավորություն կունենար ծանոթանալու, քանի որ այն պարտադիր պետք է փակցված լիներ շուկայի տարածքում և մարդիկ էլ կտեսնեին, թե ի՞նչ տեսք է ունենալու այս կառույցը նման «կառուցապատումից» հետո: Ակնհայտ է, որ սեփականատերին բացարձակապես չի հետաքրքրում այս կառույցի ոչ պատմական, ոչ մշակութային ժառանգությունը, այլ նրան պետք է ինչ-որ հիմք` հերթական անճաշակ սուպերմարկետը կառուցելու համար»,- նշեց Ս.Սաֆարյանն ու ավելացրեց, որ իր ունեցած տեղեկություններով ու նաև մամուլի աղբյուրների համաձայն սեփականատերը ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն է (Լֆիկ Սամոն). «Ուղղակի թե անուղղակի սեփականատերը հանդիսանում է Սամվել Ալեքսանյանը. Ամեն դեպքում այս տեղեկատվությունը չի հերքվել իր կողմից»:
Ինչ վերաբերում է անցած գիշերվա դեպքերին, ապա պատգամավորը շեշտեց, որ գիշերով շինարարություն չի կարող լինել, իսկ եթե նման բան տեղի է ունեցել, ապա դա նշանակում է, որ խնդիր ունեն: Եվ ոչ թե խնդիրն այն է, որ ցերեկով նրանք կհանդիպեն քաղաքացիների դիմադրությանը, այլ պարզապես որովհետև թույլտվություն չունեն: Եվ նրանք, շարունակեց մեր զրուցակիցը, այսպիսով ուզում են հանրությանը կանգնացնել կատարված փաստի առջև. «Իսկ կատարված փաստը դա ավերված շուկան է»,- հավելեց նա:
Այս ամենից ելք գտնելու համար, ինչպես նաև հասկանալու ժողովրդի ու մասնավորապես երևանցու տրամադրությունները, Ս.Սաֆարյանն առաջարկում է հանրաքվե անցկացնել Փակ շուկայի վերաբերալ.«Կան մարդիկ, որ բողոքում են, թե շուկան վերածվել էր հակահիգիենիկ ու հակասանիտարահիգիենիկ մի կառույցի և իրենք շահագրգռված են նման կառուցապատմանը: Իսկ ես գտնում եմ, որ մարդկանց տրամադրությունները հասկանալու համար` պահպանվի՞ շուկան, թե վերածվի սուպերմարկետի, կարելի է հանրաքվե նշանակել»,- եզրափակեց իր խոսքը Ս.Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան