Աշխարհի նախկին չեմպիոնին մահացած են գտել
Հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Ջոնի Տապիային մահացած են գտել ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում գտնվող իր տանը։
Տեղեկացնենք, որ Տապիան 45 տարեկան էր։ Ծնվել է 1967 թ․-ին, Նյու Մեքսիկո նահանգում։ 3 տարբեր քաշային կարգում 5 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։
Հիշեցնենք նաև, որ Տապիան իր վերջին մենամարտն անցկացրել է 2011 թ․ հունիսին՝ միավորներով հաղթելով կոլումբիացի Մաուրիսիո Պաստրանին։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Տապիան անցկացրել է 66 մենամարտ, որոնցից 59-ն ավարտել է հաղթանակով, 2-ը` ոչ-ոքի արդյունքով և կրել է 5 պարտություն:
Ոստիկանությունը հայտարարել է, որ Տապիայի մարմինը հայտնաբերել են նրա հարազատները։ Մահվան պատճառները պարզվում են։
Ավելացնենք, որ Տապիան իր ողջ կարիերայի ընթացքում խնդիրներ է ունեցել օրենքի ներկայացուցիչների հետ, օգտագործել է թմրանյութեր։