Գ. Մինասյան. Թուրքիայի նախագահի հնչեցրած տեսակետը միամիտ է
«Թուրքիայի կողմից վարվող այս քաղաքականության արդյունքում խնդիրները գնալով ավելի են խորանալու: Եթե մի երկիր համաշխարհային տենդենցներին դեմ է գնում, ապա իր մոտ առկա խնդիրներն առավել անլուծելի են դառնում: Համաշխարհային միտումներն այսօր ակնհայտ են: Դրանք ինտեգրման միտումներն են, և փակ սահմանների առկայությունը որևէ կերպ չի տեղավորվում այդ կոնցեպցիայի մեջ»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի արած հայտարարությանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Ա. Գյուլը հայտարարել էր հետևյալը. «Չեմ կարծում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ամբողջովին տապալված է: Մենք այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ ենք կատարում: Հասարակական և պաշտոնական որոշ շրջանակաների հանձարարականներ ենք տվել»:
Գ. Մինասյանը Գյուլի այդ հայտարարությունում հնչած տեսակետները միամիտ համարեց, հավելելով.
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի մեծ աշխատանքների մասին կարող է խոսք լինել, կասեմ, որ այդ աշխատանքներն առաջին հերթին պետք է իրականացնել ներթուրքական բնագավառում, որպեսզի Թուրքիայի իշխանությունները կարողանան երկխոսության միջոցով իրենց հանրությանը և ընդդիմությանը ներկայացնել իրենց կողմից վարվող անհեռատես քաղաքականության կործանարար հետևանքները»:
Բանախոսը նաև չբացառեց Թուրքիայի կողմից որոշակի աշխատանքների` Ադրբեջանի ուղղությամբ տանելը, որպեսզի վերջիններին ներկայացնեն «վարվող քաղաքականության անհեռատես լինելը»:
Այնուհետև անդրադառնալով հայ-թուրթական հարաբերությունների կարգավորման խնդրի էությանը, պատգամավորն ասաց. «Կան արձանագրություններ, որտեղ ամեն ինչ հստակ ասված է: Այդ արձանագությունները որևէ նախապայմաններ չեն ենթադրում, և խնդրի կարգավորումը կախված է միայն թուրքական կողմից: Նա պետք է վավերացնի նշված արձանագրությունները և հետ կանգնի նախապայմանների լեզվով խոսելու գործելաոճից»:
«Սա տեսակետ է, որ բազմիցս արտահայտվել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության կողմից, այլև այն երկրների, ում աջակցությամբ Ցյուրիխում իրականացվել է այդ արձանագրությունների ստորագրումը»,- նշեց Գ. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա