Տնտեսագետը քաղաքացիներին կոչ է անում հանգիստ վերաբերվել դոլարի թանկացմանը
Փոխարժեքի տատանումները կապված են ինչպես արտարժույթի նկատմամբ պահանջարկի ավելացմամբ, այնպես էլ միջազգային շուկայում տեղի ունեցող մի շարք գործոններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Մնացականյանը` անդրադառնալով դրամ-դոլար փոխարժեքի տատանումներին:
Նրա խոսքերով` սովորաբար արտարժույթի նկատմամբ պահանջարկն ավելանում է մայիսի վերջին և հունիսի սկզբներին, այսինքն, ըստ նրա, դա սեզոնային բնույթ է կրում: «Տատանումները պայմանավորված են այն փաստով, որ ամռանը բնակիչների մոտ արտարժույթի նկատմամբ պահանջարկն ավելանում է, երբ փորձում են իրենց հանգիստն անցկացնել արտերկրում»,- ասաց Հ.Մանցականյանը:
Բացի այդ, ըստ նրա, միջազգային գործոնները նույնպես իրենց ազդեցությունն են ունեցել, մասնավորապես, դա կապված է նավթի գների հետ, որոնք վերջին չորս շաբաթվա ընթացքում նվազել են: Հ.Մնացականյանի խոսքերով` նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ հուլիսին փոխարժեքը ավելի ցածր է լինում, քան մայիսին, ուստի համոզված է, որ արտաքին գործոնի ազդեցությունը կթուլանա հուլիս ամսից սկսած` ֆյուչերսային գործարքների կնքման արդյունքում:
Նա նաև նշեց, որ ընդհանրապես փոխարժեքի թույլ արժեզրկումը էապես նպաստում է տնտեսության արտահանման ներուժի ավելացմանը: Այսինքն` տեղական ապրանքները արտերկրում ավելի էժան և մրցունակ են լինում: Ըստ Հ.Մնացականյանի` շատ երկրներ կիրառում են արժույթի չափավոր արժեզրկման քաղաքականությունը, որպեսզի տվյալ երկրում հնարավոր լինի արտադրված ապրանքներն ավելի մատչելի գներով վաճառել միջազգային շուկայում:
Հարցին, թե դոլարի տատանումները ինչ ազդեցություն կարող են ունենալ սպառողի վրա, նա նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր դրսից գումար են ստանում , ապա նրանք դոլարի թանկացումից, բնականաբար կշահեն: Ի դեպ, Հ.Մնացականյանը տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 13 տոկոսով ավելացել են արտերկրից ստացվող դրամական փոխանցումները:
Հ.Մնացականյանը քաղաքացիներին կոչ արեց հանգիստ վերաբերվել դոլարի թանկացմանը, և եթե քաղաքացիները կուտակումներ ունեն դրամով, ապա այն ներդնեն տնտեսության մեջ, իսկ եթե դրա հնարավորությունը չկա, ապա ավանդի տեսքով պահեն բանկերում:
Հ.Մնացականյանը նաև ընդգծեց, որ չի կարծում, թե դոլարը կվերադառնա այն կետին, որտեղից սկսել է, քանի որ տնտեսությանը դա այնքան էլ ձեռնատու չէ, եթե վարում է արտահանմանն ուղղված քաղաքականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները