Ռուբեն Թովմասյան. ԲՀԿ-ն ընդդիմություն չէ
5-րդ գումարման Ազգային ժողովը կլինի ոչ թե Ազգային, այլ ` «Ազգակցական ժողով»: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Ռուբեն Թովմասյանի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը, քանի որ անցկացված «խայտառակ» ընտրությունների արդյունքում «պատգամավորները չեն ընտրվել, այլ նշանակվել են»:
«Այս 20 տարվա ընթացքում՝ ում որ տեսել ենք, նրանց կրկին տեսնելու ենք ԱԺ-ում: Դրանք այն մարդիկ են, ովքեր 20 տարվա ընթացքում երկիրն այս աղետալի իրավիճակին են հասցրել»,- նշեց Ռուբեն Թովմասյանը:
Պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Կոմկուսի մասնակցության վերաբերյալ հարցին, Ռ. Թովմասյանը նշեց, որ դրա մասին դեռևս վաղ է խոսել:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նոր իշխանական կոալիցիային չանդամակցելու վերաբերյալ հայտարարությանը, Կոմկուսի ղեկավարը նշեց, որ չի համարում որ ԲՀԿ-ն այսուհետ համալրել է ընդդիմության շարքերը, քանի որ հենց այս քաղաքական ուժը այս մասին չի հայտարարել:
Ռուբեն Թովմասյանը նշեց, որ իր կարծիքով ՀՀ-ում վարչապետի փոփոխության կարիք չկա և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է շարունակի պաշտոնավարել:
«Ես գտնում եմ, որ այս գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին աշխատանքից ազատելը կլինի սխալ, նա իր գործին տիրապետում է փայլուն, և հասկանում է համաշխարհային տնտեսությունից»,- նշեց Ռուբեն Թովմասյանը: