Գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների նոր պաշտոնական կայքէջերը
Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին իրականացված բարեփոխումները նպատակաուղղված են պետություն-բիզնես կառուցողական երկխոսության կայացմանը, գործընկերային մթնոլորտի ձևավորմանը, բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմանը: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բարեփոխումների շարունակականությունը որակապես նոր մոտեցում է բերել էլեկտրոնային կառավարման դաշտում. ՊԵԿ-հարկ վճարող on line շփումը խրախուսելու նպատակով կոմիտեում գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերը` լիովին թարմացված տարբերակով, ինչը նույնպես միտված է ՊԵԿ-գործարար շփումը նվազեցնելուն և գործարարի հարմարավետությանը:
Կոմիտեում այսօր տեղի է ունեցել www.taxservice.am և www.customs.am կայքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՊԵԿ ղեկավարությունը, միջազգային հեղինակավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ վերջին տարիներին կառույցում մեկնարկած բարեփոխումների շղթայում կարևորվում է, թե ինչ միջոցներով է կապ հաստատվում հասարակայնության և բիզնես միջավայրի միջև: «Այդ իսկ առումով, մենք շատ ենք կարևորում հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերի առկայությունը, ինչը բոլոորվին նոր գործելաոճ է ապահովելու ՊԵԿ-ի ստորբաժանումների, գործարարների, հասարակության և տարբեր կառույցների միջև: Ուրախ կլինենք, որ նոր ձևաչափով գործարկված կայքերը ծառայեն մեր առջև դրված նպատակին. բիզնեսն ավելի հանգիստ աշխատի և իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանա մեր կայքերի միջոցով»:
Ամբողջովին թարմացված և հարստացված տեղեկատվություն, հարմարավետ և մատչելի ինտերֆեյս, ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկական և դիզայներական լուծումներ, ցանկացած բնույթի տեղեկատվության արագ հասանելիություն. նոր կայքերը հենց այսպես են այսուհետ ներկայանում այցելուներին: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, ներդրվել են նաև մի շարք նորամուծություններ, դրանցից մեկը կայքում զետեղված տեղեկատվության դասակարգումն է ըստ օգտվողների խմբերի: Գլխավոր էջի աջ հատվածում, ընտրելով օգտվողի խումբը` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռներեց, հարկային ծառայող, կարելի է ստանալ համապատասխան դասակարգված տեղեկատվություն: Հարկային ծառայության կայքի նորամուծություններից է հարկային օրացույցի և նրա ժամանակակից էլեկտրոնային ծանուցման ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել և պարբերաբար ստանալ ծանուցումներ՝ հարկերի, տուրքերի, վճարների, դրանց վճարման և հաշվետվությունների ներկայացման ժամանակահատվածների վերաբերյալ:
Մ. Փաշայանի խոսքերով, ամբողջովին փոխվել է «Հարկային օրենսդրություն» բաժնի կառուցվածքը. ըստ համապատասխան բաժինների տեղեկատվության ճշգրիտ դասակարգում է արվել, ինչն առավել մեծացրել է տեղեկատվության հասանելիությունը: Այս բաժնում հնարավոր է նաև տեսնել դեռևս քննարկման փուլում գտնվող օրենսդրական նախագծերը: Ներկայացված են նաև հարկային և մաքսային ծառայությունների հետ առնչվող գերատեսչական և օրենսդրական ակտերը: Կայքում ավելացվել է հարկ վճարող-ՊԵԿ անմիջական կապի հաստատման հնարավորություն՝ ըստ հարկատուի գործունեության կազմակերպա-իրավական տեսակի: Հաջորդ նորույթը «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» ենթաբաժինն է, որն ունի զտման հնարավորություն՝ ըստ դասակարգչի կոդի, անվանման կամ լիցենզիայի անհրաժեշտության:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին