«Ավտոմատիկա» գործարանում կրքերը թեժացել են. Նախկին տնօրենը մոխրամանով հարվածել է ներկայիս տնօրենին
Նոր Նորքի 4-րդ զանգվածում, դեպի Ջրվեժ ճանապարհին գտնվող «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում կրքերը թեժացել են. այս պահին գործարանի չորս տասնյակից ավել աշխատողներ պահանջում են, որ նախկին տնօրեն Զավեն Թումանյանը հեռանա տարածքից, որ իրենք կարողանան աշխատել:
Այս գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը, իսկ մնացած 20 տոկոսը պատկանել է արդեն նախկին տնօրեն Զավեն Թումանյանին, որը շուրջ 30 տարի ղեկավարել է գործարանը: Սակայն այս տարվա ապրիլի 19-ի կառավարության նիստում գործադիրը ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է «Ավտոմատիկա» ՓԲԸ սեփականատիրոջից Հայաստանի անունից գնել ընկերության կանոնադրական կապիտալում նրան պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը` 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, որը վճարվելու է նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այդպիսով, ընկերությունը դարձել է 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն։
Այժմ սակայն, Panorama.am-ի խմբագրություն ահազանգած գործարանի աշխատակից տիկին Նոնայի խոսքով, նախկին տնօրենը գործարանում մի սենյակ է վերցրել, ապրում է, հրաժարվում է վաճառել իր բաժնեմասը ու «ահաբեկում աշխատողներին ու նոր տնօրենին»:
«Ժողովների ժամանակ նա հայտարարում է, որ չի թողնելու, որ էդ հիմնարկը աշխատի, աշխատողներին սպառնում է, հետևներից ընկնում, ծեծում», -պատմեց մեր զրուցակիցը նշելով, որ` նախկին տնօրենի նպատակը մեկն է` սնանկացնի գործարանը ու գնի մյուս 80 տոկոսը:
Գործարանի աշխատողների համբերությունը հատել է նրա գործողություններից, և տիկին Նոնայի փոխանցմամբ, գործարանի աշխատակիցները նրան տարածքից հեռացնելու համար ստորագրություններ են հավաքել: Այդ հանգամանքը էլ ավելի է բարկացրել Թումանյանին, և նա, ինչպես մեր զրուցակիցը փոխանցեց, մտել է գործարանի տնօրեն Կարեն Բադալյանի աշխատասենյակ և մոխրամանով հարվածել տնօրենի գլխին: «Մեր տնօրենին տեղափոխեցին հիվանդանոց և նա մեկ շաբաթ նա մնացել է բժիշկների հսկողության տակ: Հիմա բոլորի մոտ հայտարարում ա, թե մինչև դրա (Կարեն Բադալյանի-հեղ.) փորը դանակ չմտցնեմ, չեմ հանգստանա», -փոխանցեց տիկին Նոնան:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնից Panorama.am-ին տեղեկացրին, որ միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում և նախաքննության գաղտնիությունից ելնելով, այս պահին ոչինչ չեն կարող ասել:
Հ. Գ. Panorama.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացուհու անունը պայմանական է, քանի որ նա խնդրեց չհրապարակել իր իսկական անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները