Կշահի՞ արդյոք Հունաստանը եվրոյի գոտուց դուրս գալով
Այսօր դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունի Հունաստանը հունիսի 17-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո` կմնա եվրոյի գոտում, թե շրջանառության մեջ կդնի ազգային արժույթը՝ դրահման: Դժվար է նաև կանխատեսել, թե դրան կհաջորդի դեֆոլտի հայտարարումը, թե ոչ:
Ներկա պահին Հունաստանի ժամանակավոր կառավարությունը նախապատրաստվում է իրադարձությունների ցանկացած ընթացքի, մասնավորապես դրահմայի տպագրման աշխատանքների իրականացմանը զուգընթաց, Եվրակառույցների հետ քննարկում է նաև եվրոյի գոտում մնալու դիմաց նոր պայմանները: Ի միջիայլոց սոցհարցումնեը ցույց են տալիս, որ հունական հասարակության մեջ եվրոյի գոտում մնալու կողմնակիցները ավելի շատ են, քան ազգային արժույթի կողմնակիցները: Դժգոհությունները, որոնք դրսևորվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ուղղված էին ոչ այնքան եվրոյին, որքան եվրակառույցների կողմից պարտադրված և հունական իշխանությունների կողմից իրականացվող կոշտ բյուջետային և սոցիալական քաղաքականությանը, որոնցից էլ օգտվեցին ձախ արմատական և սոցիալիստական ուղղվածության կուսակցությունները:
Որոնք են այն հիմնական փաստարկները, որոնք հրամցվում են եվրոյի գոտուց դուրս գալու կողմնակիցները հույն հասարակությանը: Առաջինը, Հունաստանը կկարողանա ինքնուրույն և ճկուն վարել իր դրամավարկային քաղաքականությունը, որից զրկված էր եվրոյի գոտի մտնելուց հետո, որտեղ այդ գործառնությունները ինչպես հայտնի է իրականացվում է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից: Երկրորդ, դեվալվացիայի ենթարկելով դրահման, կմեծանա հունական արտահանվող ապրանքների ծավալը, որոնք գնային առումով ավելի մրցունակ կլինեն եվրոպական և համաշխարհային շուկաներում, ինչն էլ կբերի տնտեսության արտահանվող ճյուղերի վերականգմանը և ամբողջ տնտեսության աշխուժացմանը: Երրորդ, կէժանանան մատուցվող տուրիստական ծառայությունների գները, որի արդյունքում կմեծանա օտարերկյա տուրիստների հոսքը: Հայտնի է, որ Հունաստանի տնտեսության կարևորագույն ճյուղը դա տուրիզմն է, որն ապահովում է ՀՆԱ-ի մեկ հինգերորդը: Հունաստանը նորից կվերականգնի տուրիզմի ոլորտում իր մրցակցային առավելությունները Թուրքիայի, Թունիսի և Խորվաթիայի համեմատ, որը կորցրել էր ուժեղ եվրոյի պատճառով:
Սակայն նշենք, որ ինքնուրույն դրամավարկային քաղաքականությունը դեռևս հիմք չի տալիս ենթադրելու, որ հույները ճիշտ ճանապարհով կշարժվեն: Հունաստանը իր պետական պարտքի մարման պարտավորությունները կատարելիս չի բացառվում, որ պարբերաբար իրականացնի դրամի էմիսսիա, որի արդյունքում հունական տնտեսության համար սովորական կլինի ինֆլացիոն ճնշումները և ազգային արժույթի արժեզրկումը, իսկ դա իր հերթին կբերի բնակչության կենսամակարդակի ավելի վաթտարացմանը և իր հերթին նոր սոցիալ-տնտեսական հուզումների:
Իհարկե դեվալվացիայի ենթարկված դրահման կնպաստի տուրիստական արդյունաբերության ակտիվացմանը, ծառայությունների ոլորտից որոշ ճյուղերի (օրինակ ծովային փոխադրումների, նավագնացության) և որոշ արտահանման ապրանքախմբերից (սննդամթերքներ, մետալուրգիական, քիմիական, տեքստիլ) ստացվող եկամուտների ավելացմանը, սակայն դա տնտեսության արմատական բարելավման չի բերի: Թույլ դրահմայի պարագայում կթանկանա միաժամանակ ներմուծվող ապրանքների գները, որը նույնպես բացասական կազդի հույների կենսամակադակի և սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Կխստանան նաև նոր արտաքին վարկերի ձեռք բերման պայմանները, որոնք կարող էին ուղղվել տնտեսության իրական սեկտորը ակտիվացնելու և վերակառուցելու համար:
Այնուամենայնիվ, Հունաստանը որքան էլ փորձի հույսը դնել իր ներքին ռեսուրսների վրա, չի կարող ինքնուրույն դուրս գալ ներկա վիճակից: Չմոռանանք, որ այն փոքր, Եվրամիության երկրների մակարդակով անկայուն տնտեսություն, թույլ արդյունաբերություն ունեցող երկիր է և պետական պարտքի մարումը ու սոցիալական ճնշումները մի քանի տասնամյակ ծանր բեռ են լինելու Հունաստանի ուսերին:
Իհարկե Եվրամիության համար էլ ծանր կլինի, եթե Հունաստանը դուրս գա եվրոյի գոտուց, սակայն Եվրամիության համար ահավոր բան տեղի չի ունենա (Հունաստանի տնտեսությունը կազմում է Եվրամիության ընդամենը 2-4 %-ը), եթե իհարկե չաշխատի դոմինոյի էֆֆեկտը և Հունաստանի օրինակին չհետևեն Իսպանիան և Պորտուգալիան:
Մեկ այլ տարբերակ է, եթե Հունաստանը մնա եվրոյի գոտում և դեֆոլտ հայտարարի, միանշանակորեն հրաժարվելով վճարել իր կրեդիտորներին, որի հետևանքները նույնպես ծանր կլինեն Եվոպայի համար՝ ԵԿԲ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և գեմանական, ֆրանսիական, իտալական բանկերի վնասները կկազմեն մի քանի հարյուր միլիարդ եվրո, թեև որոշ առումով Հունաստանի դուրս գալը եվրոյի գոտու համար հետագայում կունենա իր դրական հետևանքները (ինչին ձգտում էր Գերմանիայի կանցլեր` Ա. Մերկելը):
Եվրոյի գոտում մնալը, չարիքներից ամենանվազագույնն է ներկա պահին թե Հունաստանի, թե Եվամիության համար: Թեև եվրակառույցների մեղքը նույնպես մեծ է ստեղծված վիճակի համար, այնուամենայնիվ առանց Եվրոպայի ֆինանսական աջակցության Հունաստանը չի կարող հաղթահարել ներկա ճգնաժամը: Համենայն դեպս, Հունաստանը իր ձեռքի տակ եվրոյի գոտուց դուրս գալու ծրագիր և ազգային արժույթի (դրահմա) պահուստներ Կենտրոնական բանկում պետք է ունենա` ցանկացած պահի այն կարող է պետք գալ, չմոռանանք, որ եվրոն նույնպես ռիսկային գոտում է՝ այսօր Եվրամիության համար ամենավտանգավոր խնդիրը մնում է եվրոյի ներկայիս արժեզրկումը, որի շարունակության դեպքում կապիտալը դուրս կհոսի եվրոյի գոտու անդամ երկրներից, որն էլ կարող է բերել եվրոյի փլուզմանը:
Եվրամիության համար, լավագույն տաբերակը այն կլինի, որ Հունաստանը մնա եվրոյի գոտում և եվրակառույցների աջակցությամբ կատարի իր պարտքային պարտավորությունները: Ամեն դեպքում Հունաստանին պետք են տնտեսության մեջ համակարգային փոփոխություններ, ազգային տնտեսության մրցունակության մեծացում, պետական ծախսերի չափավորում, տնտեսական աճին ուղղված քաղաքականություն՝ շեշտը դնելով արտահանման և ինովացիոն ճյուղերի զարգացման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա