Պաշտոն կտա՞ն Վիկտոր Դալլաքյանին
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հանրապետական կուսակցությունում այս օրերին քննարկվող թեման դարձել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը: «Բանն այն է, որ ՀՀԿ-ականները հույս ունեին, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կընտրվի, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ ձայներ հավաքել և պարտվեց: Իսկ քանի որ Դալլաքյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանը մտածում է նրան «շնորհել» գոնե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը, որը մինչև այժմ պատկանում էր ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերոջը` ԲՀԿ-ին»,- գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել Դալլաքյանից, սակայն վերջինս շատ վրդովված է եղել ու անտեղի գոռացել է, թե այլևս իրեն չզանգեն: Զրուցել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: «Ոչ միայն պարոն Դալլաքյանի հետ կապված, այլև որևէ նախարարական պորտֆելի հարց մենք դեռևս չենք քննարկել, գործադիրի հետ կապված չեմ կարող ասել, թե երբ են լինելու քննարկումները»,-ասել է ՀՀԿ մամլո խոսնակը` հավելելով, որ այսօրվա նիստի ժամանակ կքննարկվի խորհրդարանականների հարցը: