Նալբանդյան 106-ի հարցը փակված չէ. Բնակիչները պատրաստվում են բողոքի
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ դարձյալ բարձրացնում է Նալբանդյան 106-ի հարցը: Հայտարարության մեջ ասված է. «Երեկվանից Նալբանդյան 106/1 հասցեում, որտեղ բնակչությունը արդեն մոտ երկու տարի պայքար է մղում ապօրինի շինարարության դեմ, վերսկսվել են խլրտումները:
Բնակիչների փոխանցմամբ՝ երեկ տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ տարածք են եկել գազի վարչության աշխատակիցները, ովքեր, սակայն, պնդել են, թե որևէ կապ չունեն տարածքում նախատեսվող շինարարության հետ: Իրենց ասելով՝ նրանք քաղաքապետարանից թույլտվություն են ունեցել Նալբանդյան 104 և 106 շենքերի գազատար խողովակի տեղափոխման համար, սակայն բնակիչների պահանջով նրանք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:
Երբ աշխատանքները ընթացք են ստացել և խաթարվել է շրջակա շենքերի գազամատակարարումը, քաղաքացիները ահազանգել են քաղաքապետարան, որտեղից բնակիչներին հայտնել են, թե իբր խողովակաշարի տեղափոխման աշխատանքները իրականացվում են հրշեջ մեքենայի ելումուտը ապահովելու նպատակով, ինչը անվտանգության պահանջ է:
Այնուամենայնիվ, ինչպես և կանխատեսել էին բնակիչները, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում, «Ավագ Շին» ՍՊԸ-ն Նալբանդյան 106/1-ին բերբակային տարածք է մտցրել շինարարական տեխնիկա:
Ակնհայտ է, որ տարիներ շարունակ անցկացված գազատարի հանկարծակի տեղափոխումը պատվիրված էր հենց այս նպատակով, իսկ շինարարները, ինչպես և անցյալ տարի նույն բակում դեռևս չկառուցված էլիտար շենքի կոյուղագիծ անցկացնելիս, կրկին խաբել են բնակիչներին՝ սեփական նպատակին հասնելու համար»:
Հիշեցնենք, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի՝ 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության՝ «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռևս մշակված և համաձայնեցված չեն:
Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ նշված բակի բնակիչները հունիսի 2-ին 12:00-ին Նալբանդյան 106 հասցեում` նախկին մանկապարտեզի մուտքի մոտ, պատրաստվում են հերթական բողոքի ակցիան անցկացնել ՝ ընդդեմ իրենց համար խիստ անցանկալի կառուցապատման ծրագրի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա