Վ.Օսկանյանը «լղոզեց» ու այդպես էլ չհստակեցրեց` ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի՞, թե ՞ ոչ
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածուն առաջադրի` նշեց, որ այսօր այդ մասին դեռ վաղ է խոսելը: Լրագրողների հարցերին Վարդան Օսկանյանը պատասխանեց ԿԸՀ-ում պատգամավորական մանդատը ստանալուց հետո, ընդ որում ինքը, Գուրգեն Արսենյանը, ԱԺ պատգամավորի մանդատ առաջին անգամ ստացած Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով բավականին ուշ եկան:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խորհրդարանական գործունեությանը, ապա նա հերթական անգամ կրկնեց` «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանում լինելու է իշխանության այլընտրանքը: Սակայն հստակեցնել, արդյո՞ք դա նշանակում է, որ ԲՀԿ-ն վաղը կհայտարարի, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որ իրենք լինելու են խորհրդարանական ընդդիմություն, այդպես էլ հստակ պատասխան չտվեց.
«Մենք ճիշտին ճիշտ ենք ասելու, սխալին սխալ և փորձելու ենք իրական փոփոխություն բերել: Ընտրարշավի ժամանակ ԲՀԿ-ն խոսել է իսկական փոփոխություններից` և քաղաքական, և սոցիալական և տնտեսական...խոստումներ ենք տվել ու խոսել ենք ծրագրերից և հետամուտ ենք լինելու այդ ծրագրերի իրականացմանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց ԲՀԿ-ական գործիչը:
Եվս մեկ անգամ հնչած հարցին` լինելո՞ւ եք ընդդիմություն, թե՞ ոչ, Վ.Օսկանյանը հերթական անգամ «լղոզեց» պատասխանը.
«ԲՀԿ-ն մնալու է այլընտրանք իշխող ուժին ու խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը: Այսինքն, եթե կբերվեն օրենքներ, որոնք համապատասխանում են մեր ծրագրերն, մենք կընդունենք դրանք, իսկ եթե կլինեն այնպիսինները, որոնք չեն համապատասխանում մեր ծրագրերին` կպայքարենք դրանց դեմ: Կլինենք իսկական այլընտրանք»,- նշեց նա ու ավելացրեց, որ լինելու են կառուցողական դաշտում:
Հավելեց նաև, որ այն հանգամանքը, որ հնարավոր չի եղել ընդհանուր լեզու գտնել ու կոալիցիա կազմել նշանակում է, որ ծրագրերի մեջ բովանդակային անհամաձայնություններ են ի հայտ եկել.
«Միայն բովանդակային, պաշտոնները բացարձակապես կապ չեն ունեցել, քանի որ քննարկումները ընթացել են միայն ծրագրերի բովանդակային մասով»:
Լրագրողների ճշտող այն հարցին, թե գուցե ՀՀԿ-ն է դրդել ԲՀԿ-ին կոալիցիա չկազմել` Վ.Օսկանյանը նշեց, որ նման բան չի եղել և հակառակը` ՀՀԿ-ն հայտարարել է , որ պատրաստ է կոալիցիա կազմել.
«Այս իրավիճակից շահելու է երկիրը և ժողովուրդը, ինչպես նաև խորհրդարանը, քանի որ այսօր մենք շատ ավելի մոտ ենք իրական խորհրդարանին»:
Վերջում էլ` անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հավանական է, որ ԲՀԿ-ն վեց-յոթ ամսից այդուհանդերձ վերադառնա կոալիցիա, շեշտեց` դրանք միայն կարծիքներ են: