ԲՀԿ-ն` խմբերով, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը` բացակա, ՀՅԴ-ն էլ` ուշացած. Պատգամավորները ստացան մանդատները (Լուսանկարներ)
Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանգիստ է. ժամը 16-ին նախատեսված մանդատների հանձնման արարողությանը ներկայացած պատգամավորները, մանդատները ստանալուց, մեկ գավաթ շամպայն ըմպելուց և մեկը մյուսի հետ ողջագուրվելուց հետո շտապեցին հեռանալ:
Ավելի ուշ իրենց մանդատների ետևից եկան Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորները` Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը: Ընդ որում նրանք եկան Վ.Օսկանյանի հետ` կազմելով վերջինիս շքախումբը ու հեռացան էլ նրա հետ:
Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ն մանդատները ստացավ խմբերի բաժանված. հիմնականում նրանք, ովքեր չորրորդ գումարման ԱԺ-ում ներկայացված եղել են, նրանք եկան հենց ժամը 16-ին. Սամվել Բալասանյան, Նաիրա Զոհրաբյան, Մարտուն Գրիգորյան, Մուշեղ Պետոյան, Արագած Մխոյան: Իսկ նորելուկները, փաստորեն, ուղեկցում էին Օսկանյանին. նրանց թվում էր նաև Գուրգեն Արսենյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ-ի ներսում խմորումներ են և հենց նորելուկները` ի դեմս Վարդան Օսկանյանի, դեմ էին, որպեսզի Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի:
Ինչ վերաբերում է նվազագույն մանդատների արժանացած «Օրինաց երկիր» և «Ժառանգության» ներկայացուցիչներին, ապա նրանք առ այս պահը մանդատները չեն ստացել:
ՀՅԴ-ից էլ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը ևս ներկայացան ու ստացան մանդատները` դարձյալ ուշացումով: Այսպիսով ՀՅԴ-ից այս պահի դրությամբ միայն Վահան Հովհաննիսյանն է, որ դեռ մանդատ չի ստացել:
Իսկ ահա ՀԱԿ-ի անդամները, ինչպես և նախապես հայտարարվել էր, այդպես էլ չներկայացան ԿԸՀ:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները