Թուրք գործիչ. Հայերը սփյուռքի շնորհիվ տեսեք, թե ինչեր են կարողանում անել
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Արդյունաբերական պալատի և արտաքին տնտեսական կապերի գործադիր խորհրդի (DEİK) նախագահ Ռոնա Յըրջալը գումարված ժողովի ժամանակ հայտարարել է, որ ժամանակն է գործի դնել թուրքական սփյուռքի ռեսուրսները` ի շահ թուրքական պետության:
Ռոնա Յըրջալը կարևորել է 6 միլիոնանոց թուրքական սփյուռքին որպես ռազմավարական լուրջ ռեսուրս դիտելու գաղափարը: Անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան կապեր հաստատի արտասահմանաբնակ թուրքերի հետ և մրցունակ ուժ դառնա համաշխարհային հարթակներում: Այս իմաստով որպես լավագույն օրինակ թուրք գործիչը մատնանշել է Հայաստանը:
«Դեպի ծով ելք չունեցող, տնտեսական դժվարություն ապրող երկիր է, բայց իր սյուռքի շնորհիվ տեսեք թե ինչեր է կարողանում անել: Նույնը և Իսրայելը»,- ասել է Յըրջալը:
Վերջինս որոշ տվյալներ է հրապարակել թուրքական սփյուռքի հնարավորությունները հաշվարկելու և իրատեսորեն գնահատելու համար: Ըստ այդմ` արտերկրում բնակվող թուրքերը հիմնականում կենտրոնացված են 10 պետություններում: Թուրքիան համարվում է 10-րդ երկիրը Միացյալ Նահանգներ ուսանողներ ուղարկելու թվով: Արտասահմանում այժմ ուսանում է 130.000 թուրք երիտասարդ: Վերջին 10 տարում 3.700 թուրք գործարար 109 երկրներում 25 մլրդ դոլարի ներդրում է կատարել: Համաշխարհային կարևորության ընկերություններում ևս թուրքերի ներկայություն կա. «Microsoft» -ում 350, «Google»-ում 35, «Boeing»-ում 75 թուրք աշխատակիցներ կան, որոնց թիվը, ըստ Յըրջալի, հարկավոր է ավելացնել:
«Եթե թուրքական սփյուռքի թիկունքին չկանգնենք, մեր երկիրը ոչ մի խնդիր չի կարողանա լուծել: Օրինակ` Ֆրանսիայում այդ երկրի քաղաքացի հանդիսացող 500.000 հայ կա: 350-400 հազար էլ` թուրք կա, բայց նրանց մեծ մասը քաղաքացիություն չունի: Թվերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ, բայց տեսեք, թե նրանք քաղաքացիության շնորհիվ ինչեր են կարողանում անել, իսկ մերոնք զրկված են այդ հնարավորությունններից: Կամ Գերմանիայում շուրջ 3 մլն թուրք է բնակվում, բայց նրանց որպես համակարգված սփյուռք գործի դնել չենք կարողացել: Ցավոք, միայն վերջին պահերին ենք փորձում համախմբվել ու ինչ-որ բան անել: Ամերիկայում ամեն տարի ապրիլին հայտնի հայկական հարցն է մեջտեղ գալիս: Արդեն իսկապես ժամանակն է, որ հզորացնենք ու օգտագործենք արտերկրում բնակվող թուրքերի ուժը»,- նշել է Ռոնա Յըրջալը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան