Աշակերտները դիտեցին, թե ինչպես է վերահսկվում Հայաստանի օդային տարածքը
Երևանի` Ն.Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն այսօր այցելեցին Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Դպրոցակաները շրջայց կատարեցին Վարչության տարածքով, ծանոթացան քաղավիացիայի նպատակների, գործառույթների հետ:
Աշակերտների այցի հարգրվաններից մեկը «Ավիա» ուսումնական կենտրոնն էր: Դպրոցականները այցելեցին տեխնիկական, բժշկական, սպորտային, համակարգչային պատրաստության և այլ առարկաների համար նախատեսված լսարաններ, ունկնդրեցին ոլորտների փորձագետներին: Դպրոցականների համար դասախոսություն կարդաց նախկին օդաչու, պրոֆեսոր Վիկտոր Շախատունին` ներկայացնելով ավիացիայի ոլորտի առանձնահատկությունները, թե ինչպես դառնալ օդաչու, ավիադիսպետչեր, պատմեց նաև` ինչպես են սպասարկվում ինքնաթիռները:
Հայաստանի քաղավիացիայի պատմության հետ դպրոցականներին ծանոթացրեց Քաղաքացիական ավիացիայի թանգարանի զարգացման պատասխանատու Ռազմիկ Գասպարյանը:
Երեխաները ծանոթացան բացառիկ հավաքածուի հետ, որը պատմում է հայ օդաչուների, հայկական քաղավիացիայի մասին` սկսած 1902 թվականից: Դպրոցականններին ներկայացվեց օդաչուների նվիրատվությամբ ստեղծված հավաքածուն, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում մասնակցած հայ օդաչուներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, նույնիսկ 1988 թվականին` Էջմիածնի մոտ վթարի ենթարկված հարավսլավական ինքնաթիռին նվիրված տաղավարները:
«Զվարթնոց» օդանավակայանի նավիգացիոն աշտարակում աշակերտներն ունեցան բացառիկ հնարավորություն` դիտել, թե ինչպես են վերահսկում Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող չվերթները: Նրանց ներկայության ժամանակ Երևանում վայրեջք կատարելու թույլտվություն խնդրեց վրացական ինքնաթիռներից մեկը. ոգևորված աշակերտները մոտ 15 րոպե անց կարողացան տեսնել, թե ինչպես է նույն ինքնաթիռը վայրէջք կատարում օդանավակայանում:
Ավիակարգավարական ծառայության աշխատակիցները ներկայացրեցին իրենց մասնագիտության առանձնահատկությունները` շեշտելով, որ իրենց զգոնությունը շատ կարևոր է ավիավթարների բացառման համար, քանի որ մեծապես կախված է մարդկանց կյանքերի հետ: Կարգավարները ծանոթացրին նաև իրենց աշխատանքային ռեժիմի հետ: Դպրոցականներն իմացան, որ ացիացիոն ոլորտի աշխատակիցները մեկնող ինքնաթիռների համար երբեք չեն օգտագորում «հեռացավ» բառը:
Աշակետներն եղան նաև ինքնաթիռում, որտեղ ծանոթացան օդաչուի, ուղեկցողի աշխատանքներին, մանսագիտական նրբություններին:
Այցը կազմակերպել էր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Ինչպես Panorama.am-ի լրագրողին հայտնեց Վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, նման այցելություններն արդեն ավանդական են դարձել. յուրաքանչյուր տարի պատահականության սկզբունքով ընտրվում է մեկ դպրոց և 12-13 տարեկան երեխաների` հիմնականում ութերորդ դասարանցիների համար անցկացվում է նման բաց էքսկուրսիա, որի նպատակն է հետաքրություն առաջացնել դեպի ավիացիայի ոլորտը, կողմնորոշել այդ ոլորտում ապագայում աշխատելու հեռանկարների շուրջ:
«Այս տարիքի երեխաները դեռ չեն ընտրել ապագա մասնագիտությունը և նման այցով մենք փորձում ենք հետաքրքրություն առաջացնել դեպի ավիացիա: Եթե առաջ օդաչուի մասնագիտությունն ամենացանկալիներից մեկն էր, ապա այժմ այն այդքան էլ այժմեական չի համարվում: Հայաստանում շատերը նույնիսկ չգիտեն, որ այստեղ պատրաստվում են աշխարհի մասշտաբով լավագույն օդաչուներ, որոնք Եվրոպայում բավական բարձր են վարձատրվում. մեր երկրի բնակլիմայական պայմաններն ավելի բարդ իրավիճակներ են ստեղծում և մեր օդաչուները կարողանում են հաղթահարել դրանք: Այսպիսով, նման այցերի ժամանակ երեխաները տեղեկանում են ոլորտից և արդեն հստակ ընտրության առաջ են կանգնում, ոչ թե ընտրում մեկ այլ մասնագիտություն, ապա հասկանում, որ կարելի էր և օդաչու դառնալ», - պարզաբանեց Նելլի Չերչինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան