ՀՅԴ-ն ուզում է փոխել մարտավարությունը 2013-ին ընդառաջ
«Չորրորդ ինքնիշխանության» փոխանցմամբ` ՀՅԴ-ն այս օրերին լուրջ պատրաստություն է տեսնում` դիմավորելու Պարսկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող դաշնակցական ընկերներին, որոնց հետ բազում հարցեր ունեն քննարկելու: «Հայաստան ժամանող հյուրերի հետ հատկապես առանձին հանդիպումների շարք է ունենալու ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը: Ըստ նույն լուրերի` քննարկումների օրակարգում են լինելու ինչպես առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրությունները, այնպես էլ ՀՀ-ում սպասվող 2013-ի ընտրությունները, որի հետ կապված դաշնակցությունը պետք է շոշափի դրսի ընկերների տրամադրությունները: Դաշնակցականների շրջապատում այս համատեքստում խոսակցություններ են գնում այն առթիվ, որ ՀՅԴ-ում խուճապային տրամադրությունները սկսվել են ԲՀԿ-ի հայտարարությունից անմիջապես հետո, և ըստ ամենայնի, դա է եղել պատճառը, որ Մարգարյանն ու իր թիմը արագ տեմպերով կազմակերպել են սպասվող առաջիկա հանդիպումը, որի ժամանակ անշուշտ վերանայվելու են դաշնակցության հետագա քայլերն ու գործողությունները` 2013-ին ընդառաջ: Ավելացնենք, որ այս ընթացքում Հրանտ Մարգարյանից առանձին ակտիվ հանդիպումների փուլ է սկսել դաշնակցական Արմեն Ռուստամյանը, որը մոտ օրերս չի բացառվում, որ ԼՂՀ-ում հանդիպում ունենա Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ու ԼՂՀ իշխանությունների հետ»,-գրել է թերթը: