Եվրոպան առանց խղճի
«Голос Армении» թերթն իր նախորդ համարում անդրադարձել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպության (ESI)` «Խավիարային դիվանագիտություն: Ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհուրդը» անվանումով զեկույցին:
Ըստ թերթի` ESI-ի զեկույցում ամենահետաքրքրական հատվածներից է, թե ինչ մեխանիզմներով Ադրբեջանը հասավ նրան, որ ԵԽԽՎ-ն դրական գնահատական տա 2010թ-ին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին այն պարագայում, երբ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկարողացավ հայտնվել մեջլիսում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Ադրբեջանն արեց ամեն ինչ, որպեսզի իրենց մոտ անցկացված ընտրությունների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում ներկայացնեն իրենց կողմից կաշառված մարդիկ:
ESI-ի զեկույցում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ խիստ հակասություններ եղան ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ի և Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների հարցերով բյուրոյի զեկույցների միջև, քանի որ վերջինս բազմաթիվ խախտումներ էր արձանագրել, իսկ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչներն ամեն ինչ անում էին, որպեսզի Ադրբեջանում կայացած ընտրությունները ներկայացնեն որպես արդար և թափանցիկ:
Ինչպես նշում է «ГА»-ն` ESI-ի զեկույցում մասնավորապես խոսվում է այն մասին, որ ԵԽԽՎ-ում փորձում են «արատավոր պարիտետ» պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը շատ սխալ է, քանի որ ժողովրդավարության և մարդու իրավունքնրի պահպանման հյարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև ահռելի տարբերություն կա: Որպես նման «արատավոր պարիտետի» օրինակ` թերթը ներկայացնում է բարոնուհի Էմմա Նիկոլսոնի զեկույցը Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ, որը փորձագետների կարծիքով` բազմաթիվ մանիպուլյացիաներ է պարունակում և չի համապատասխանում իրականությանը: