ՀՅԴ-ն իր ձայները նվիրել է Ծառուկյանին
Տեղեկացնելով, որ հուլիսին կայանալու է ՀՅԴ գերագույն մարմնի նիստը, որում գնահատական կտրվի խորհրդարանական ընտրություններին և կհստակեցվեն կուսակցության հետագա գործողությունները` «Голос Армении»-ն նշում է, որ այս անգամ ՀՅԴ-ն ավելի քիչ ձայն է հավաքել, քան կարող էր:
Ըստ վերլուծաբանների` պատճառն այն է, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ համատեղ շտաբի ձևավորման արդյունքում ՀՅԴ-ն փաստացիորեն նվիրեց իր ձայների մի մասը ԲՀԿ-ին: «Կոնգրեսն ու ՀՅԴ-ն, ըստ էության, անցագիր տվեցին կոալիցիոն երկրորդ կուսակցությանը, որով այն մուտք գործեց ընդդիմադիր դաշտ, իսկ երբ ԲՀԿ-ն տարավ ընդդիմադիր զանգվածի ձայները, մյուս երկու կուսակցություններն սկսեցին բղավել, որ իրենց «կողոպտել են», սակայն արդեն ուշ էր»,-գրում է թերթը` նշելով, որ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի այն ղեկավարները, որոնք համաձայնության էին եկել ԲՀԿ-ի հետ, մինչ օրս չեն ցանկանում ընդունել իրենց կողմից թույլ տված ռազմավարական սխալը: Ըստ թերթի` իր գերագույն մարմնի նիստին ՀՅԴ-ն կփորձի համոզել իր շարքային կուսակիցներին, որ խորհրդարանում ընդամենը 5 մանդատ ունենալը իշխանությունների «դավերի» արդյունքն է և ոչ թե այդ կուսակցության իրական վարկանիշն ու սխալ ռազմավարական հաշվարկի արդյունքը:
Ըստ «ГА»-ի ` խորհրդարանական ընտրություններին ընդդիմության ձայները հաջողությամբ իրենով արած ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, ցանկանում է նախագահական ընտրություններին նույն խաղը խաղալ: