Քերոլայն Քոքսը պարգևատրվել է Վալերի Բրյուսովի շքանշանով
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ` բարոնուհի Քերոլայն Քոքսն օրերս այցելել է Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը պատվավոր հյուրին ծանոթացրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտա-տեխնիկական, կրթական, հումանիտար և մշակութային կապերի ամրապնդման ոլորտում Ներկայացուցչության գործունեության հետ:
Կառույցի մամուլի ծառայության հաղորդմամբ, Քերոլայն Քոքսն իր հերթին կիսվել է ռուս-բրիտանական և հայ-բրիտանական մշակութային և հումանիտար կապերի զարգացման ոլորտում իր փորձով:
Տեղի է ունեցել զրույց ստեղծագործական մտավորականության` ժողովրդական դիվանագիտության, հումանիզմի և ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման մեջ դերի և կարևորության մասին:
Այստեղ պատմության մեջ վառ օրինակ դարձան անգլիացի մեծ գրող Լորդ Ջորջ Բայրոնը, որը 1816թ. այցելել էր հայկական Մխիթարյան միաբանություն Սուրբ Ղազար կղզում `և ոգեշնչված հայ մշակույթով, մասնավորապես, գրական ժառանգությամբ, սկսեց ուսումնասիրել հայոց լեզուն: Իսկ Վալերի Բրյուսովը, ռուս պոետ, գրական քննադատ, թարգմանիչ, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, 1916թ. ստեղծեց ռուսերեն լեզվով հայկական պոեզիայի հռչակավոր անթոլոգիան, որի միջոցով բացահայտեց “Սասունցի Դավիթ” հայկական էպոսի և հայկական պոեզիայի մեծությունը:
Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության անունից Հայաստանում Ռուսհամագործակցության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնել է Վալերի Բրյուսովի շքանշանը` ժողովուրդների միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար:
Հանդիպմանը մասնակցել են Հումանիտար օգնության տրամադրման Բրիտանական հոգաբարձական խորհրդի ներկայացուցիչներ Հայր Դավիթ Թոմիսը, Լյուսի Քլեմենսը, հայ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի գործադիր տնօրեն Աշոտ Ջիվանյանը: