Հայ կանանց 5 տոկոսն ունեցել է 6 կամ ավելի աբորտ. Ովքե՞ր են առավել հաճախ դիմում աբորտի
Հայաստանում հղիության արհեստական ընդհատման (աբորտի) առավել հաճախ դիմում են 25-34 և 35- 44 տարիքային խմբերի կանայք` համապատասխանաբար 39 և 42 տոկոս: Այս ցուցանիշը ներառված է «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2010» զեկույցում, որի արդյունքներն ամփոփվել են վերջերս:
Դրանք հիմնված են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, Առողջապահության նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացված ուսումնասիրությունների ու հարցումների վրա:
Ցուցանիշների վերաբերյալ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Կանանց մեծամասնությունն առաջին երեխան ունենում են մինչև 25 տարեկանում: Ամենաբարձր ծնելության տարիքը 20-25 տարեկան է, որից հետո այդ ցուցանիշը նվազում է: Մինչև այդ տարիքը կանայք ունենում են այն երեխաների այն քանակը, որոնք ամուսիները պլանավորել են: Դրանից հետո կամ օգտագործում են հակաբեղմնավորիչներ, կամ ունենում են անցանակալի հղիություն, որոնքը ընդհատվում են, կամ էլ սեռով պայմանավորված աբորտներն մեծ թիվ կազմում: Սեռով պայմանավորված աբորտների 30 տոկոսը պայմանավորված է տղա ունենալու ցանկությամբ, իսկ 0.8 տոկոսը` աղջիկ ունենալու ցանկությանը: Կարելի է ասել, որ մինչև 29-30 տարեկանը կանայք ունենում են մեկ կամ երկու աղջիկ, հետո հղիանում են տղա ունենալու համար: Դրա համար այդ թիվը կանանց տարիքին զուգահեռ անընդհատ աճում է»:
Նշենք, որ զեկույցի արդյունքների համաձայն 15-19 տարիքային խմբում աբորտները 10 տոկոս են կազմում, 20-24 տարիքային խմբում` 18 տոկոս, 25-34 տարիքային խմբում` 39 տոկոս:
Գոյություն ունի նաև ուղիղ համեմատական կապ երբևէ ունեցած աբորտների և կենդանի երեխաների թվաքանակի միջև: Ի տարբերություն մեկ երեխա ունեցող կանանց 17 տոկոսի, երեխա չունեցող կանանց 1 տոկոսից քիչն է ունեցել աբորտ: Նույն ցուցանիշը 2-3 երեխա ունեցող կանանց շրջանում կազմել է 58 տոկոս և 4 կամ ավելի երեխա ունեցող կանանց շրջանում` 56 տոկոս:
Երբևէ աբորտի դիմած կանանց գրեթե 2/3-ն իրենց կյանքի ընթացքում ունեցել է 1-ից ավելի աբորտ: Երբևէ աբորտի դիմած կանանց 47 տոկոսն ունեցել է 2-3, իսկ 12 տոկոսը` 4-5 աբորտ: Կանանց 5 տոկոսն ունեցել է 6 կամ ավելի աբորտ:
«Ենթադրվում է, որ այս կանանց շրջանում աբորտները հանդիսացել են պտղաբերության վերահսկման հիմնական մեթոդը: Այս հարցի շուրջ ևս նկատելի է նշանակալի տարբերություններ ըստ մարզերի, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արմավիրում և Կոտայքում (10-11 տոկոս), իսկ ամենացածրը՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում (1 տոկոս և ավելի պակաս): Երբևէ աբորտ ունեցած կանանց շրջանում մեկ կնոջ հաշվով աբորտների միջին թիվը կազմել է 2.4»,-նշվում է զեկույցում:
Գ. Հայրապետյանի խոսքով, կյանքի ընթացքում ունեցած աբորտների վերաբերյալ էական տարբերություններ չկան ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի կամ բարեկեցության մակարդակի:
Կրթական մակարդակի և աբորտների միջև առկա է կորագիծ հարաբերակցություն: Բարձրագույն և հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում աբորտների ցուցանիշն ավելի ցածր է, քան այլ կրթություն ունեցող կանանց մոտ: Այդուհանդերձ հատկանշական է, որ աբորտների ամենացածր ցուցանիշը գրանցվել է բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում (20 տոկոս):
Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում, ովքեր օգտագործում են պտղաբերության հսկման ավելի փորձված և վստահելի մեթոդներ, անցանկալի հղիություններն ավելի քիչ են տարածված: Մարզային կտրվածքով նկատելի են կյանքի ընթացքում ունեցած աբորտների ցուցանիշի նշանակալի տարբերություններ` ամենացածրը 16 տոկոս Սյունիքում մինչև ամենաբարձրը 41 տոկոս` Կոտայքում:
Իսկ ընդհանարպես զեկույցի հեղինակներն ու մեր զրուցակիցը ուրախությամբ փաստում է, որ աբորտների թիվը Հայաստանում գնալով նվազում է: Վերջին տասը տարիների ընթացքում աբորտով ավարտված հղիությունների մասնաբաժինը նվազել է՝ ՀԺԱՀ 2000-ի արդյունքում գրանցված 55 և ՀԺԱՀ 2005-ին` 45 տոկոսից մինչև ՀԺԱՀ 2010-ին արձանագրված 29 տոկոս ցուցանիշը: Գ. Հայրպետյանի կարծիքով, դա մեծապես պայմանավորված է նաև ժամանակակից հակաբեղմնավորիչների օգտագործման տարածմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա