Հայաստանում մեկնարկեցին պետական միասնական քննությունները
Այսօր Հայաստանում մեկնարկեցին պետական ավարտական և միասնական քննությունները: Միասնական քննության մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 9:30-ին, երբ բացվեցին թեստերի փաթեթավորված ծրարները և բաժանվեցին դիմորդներին: Նշենք, որ ավարտական և միասնական քննությունների անցկացման համար հանրապետության բոլոր մարզերում ձևավորվել է 40 քննակենտրոն, իսկ ԼՂՀ-ում` 8 քննակենտրոն:
Այս տարի քննաշրջանը մեկնարկեց կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաների քննություններով: Կենսաբանություն առարկայից քննություն հանձնելու համար Հայաստանից և ԼՂՀ-ից ընդհանուր առմամբ հայտ է ներկայացրել 1938 դիմորդ, ընդհանուր պատմությունից` 397 դիմորդ, աշխարհագրությունից` 392 դիմորդ:
Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, քննասենյակներում տեղադրվել են տեսախցիկներ, խլացուցիչներ և անհրաժեշտ այլ առարկաներ: Քննության ընթացքին հետևում են Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցները` ներսում, իսկ դրսում` ծնողները` մոնիտորների առջև անհանգիստ անցուդարձ անելով:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԳԹԿ-ի խորհուրդի անդամները մինչ քննությունների մեկնարկը շրջայց են կատարել Երևանի թիվ 189 ավագ դպրոցում ձևավորված քննակենտրոնում, որտեղ անցկացվում է «Կենսաբանություն» առարկայից քննությունը: ԳԹԿ-ի խորհուրդը բարձր գնահատականի է արժանացրել ավագ դպրոցի տնօրինության աշխատանքը, քանի որ, ըստ նրանց, նախապատրաստական աշխատանքերը կազմակերպվել են բարձր մակարդակով: Այսպիսով, ԳԹԿ-ի խորհրդի կողմից որոշվել է 189 ավագ դպրոցը դարձնել հիմնական քննակենտրոններից մեկը:
Քննության ընթացքին հետևող ԳԹԿ իրավաբանական բաժնի պետ, թիվ 189 ավագ դպրոցում ձևավորված քննական կենտրոնի ղեկավար Էդվարդ Սանթոսյանը նշեց, որ կենսաբանություն առարկա քննաթերթիկում կա 80 հարց, որից մի մասը ընտրովի պատասխաններ են, մի մասն էլ կարճ պատասխաններ պահանջող հարցեր: Այսինքն` թեստերն ամբողջությամբ համապատասխանում են կրթական ուղեցույցներին:
Նշենք, որ 2012-13 թթ-ի ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում հայտագրված է 1260 դիմորդ: Երևանում դիմորդներների թիվը 5981 է ( 2010թ.՝ 6161 է եղել) և մայրաքաղաքում ձևավորվել է 14 քննական կենտրոն: Արագածոտնի մարզից 727 դիմորդ կա (2010թ.՝ 730). այս մարզում ձևավորվել է 2 քննակենտրոն։ Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1238 դիմորդ (2010թ.՝ 1119). այստեղ կգործի 3 քննական կենտրոն։
Արմավիրում հայտ է ներկայացրել 1267 դիմորդ (2010թ.՝ 1330), Գեղարքունիքում` 1216 (2010թ.՝ 1248), Լոռու մարզում` 1437 (2010թ.՝ 1430), Կոտայքի մարզում` 1310 (2010թ.՝ 1293), իսկ Շիրակի մարզում` 1540 դիմորդ (2010թ. 1522): Նշված բոլոր մարզերում կգործի 3-ական քննակենտրոն։ Սյունիքի մարզում քննության դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ (2010թ.՝ 838): Այս մարզում կձևավորվի 3 քննակենտրոն՝ 2-ը Գորիսում, 1-ը՝ Կապանում։ Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ (2010թ.՝ 381)՝ 1 քննակենտրոնում։ Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել (2010թ.՝ 728). այստեղ 2 քննակենտրոն կգործի։
Դիմորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել Արցախի Հանրապետությունում։ Այստեղ 2010թ.-ին դիմորդների թիվը եղել է 876, իսկ այս տարի դիմում-հայտ է ներկայացրել 1260 դիմորդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան