Քննության արդյունքներից առաջ, ինչպես միշտ, ծնողները մեծ ակնկալիքներ ունեն
Այսօր Հայաստանում մեկնարկեցին պետական ավարտական և միասնական քննությունները: Այս տարի քննաշրջանը մեկնարկեց կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաների քննություններով: Երևանում քննություններն անցկացվում են երկու քննակենտրոններում` թիվ 189 ավագ և 14 հիմնական դպրոցներում: Արդեն նշել էինք, որ քննությունների մեկնարկից առաջ թիվ 189 դպրոցում Գնահատման և թեստավորման կենտրոնի խորհուրդի կողմից բարձր գնահատականի է արժանացրել ավագ դպրոցի տնօրինության աշխատանքը:
ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն ասաց, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի ամեն ինչ գերազանց է կազմակերպված՝ սկսած մայթեզրերին փակցված սլաքներից, որոնց միջոցով դիմորդները հեշտությամբ կարողացել են գտնել քննակենտրոնը: Այդ իսկ պատճառով ԳԹԿ-ի կողմից որոշվել է, որ թիվ 189 ավագ դպրոցն այսուհետ դառնալու է հիմնական քննակենտրոններից մեկը:
Նշենք, որ վերոնշյալ դպրոցում «կենսաբանություն» առարկայից քննություն էին հանձնում 320 դիմորդ, որոնցից 14-ը բացակա էին: Քննության ընթացքին հետևում են նրանց ծնողները` մոնիտորների առջև անհանգիստ անցուդարձ անելով: Նրանցից շատերի կարծիքով՝ գիտելիք ունեցողի համար դժվար չէ քննություն հանձնելը:
«Ես իմ աչքով մոնիտորի վրա տեսա, թե ինչպես են երեխաները քննություն հանձնում: Ամեն ինչ շատ նորմալ է անցնում, բայց անհանգստությունը մեծ է»,- ասաց ծնողներից մեկը: Աննա Սարգսյանն էլ նշեց, որ տղայի երազանքը բժիշկ դառնալն է. ծնողները համոզված են, որ տղայի երազանքը իրականություն կդառնա: «Շատ հուզված եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ է վերջանալու քննությունը: Տղաս ուզում է բժշկական համալսարան ընդունվել, մենք էլ փորձում են ամեն հարցով նրան աջակցել: Կենսաբանությունը բարդ առարկա է, բայց երեխան պարապել է և հուսով եմ, որ ամեն ինչ բարեհաջող կլինի»,- հուզված նկատեց Ա.Սարգսյանը:
Մեր զրուցակիցներից գրեթե բոլորը միակարծիք էին, որ քննություն անցնում է առանց խախտումների: Թեպետ շատերն էլ նկատեցին, որ պատկերն ամբողջությամբ կերևա միայն քննությունից հետո: Իսկ քննության արդյունքներից առաջ, ինչպես միշտ, ծնողները մեծ ակնկալիքներ են ունենում:
Մեզ հետ զրույցում որոշ ծնողներ էլ դժգոհեցին, որ մոնիտորները քիչ են և չեն կարողանում հետևել քննությունների ընթացքին: Նրանցից ոմանք էլ չէին կարողանում գտնել իրենց երեխաներին, ինչն էլ աղմկելու առիթ էր տալիս:
ԳԹԿ մամուլի քարտուղարը անդրադառնալով մոնիտորներին խնդրին` նշեց, որ քննասենյակներում տեղադրված տեսախցիկները մի քանի մոնիտորների միջոցով փոխանցում են յուրաքանչյուր քննասենյակի ընդհանուր պատկերը, բայց քանի որ յուրաքանչյուր երեխային ուղեկցում է շուրջ 10 հոգի՝ ընտանիքի անդամներ, բարեկամներ, ովքեր միասին մոնիտորի առջև կանգնած փորձում են փնտրել իրենց երեխաներին, պարզ է, որ երկու մոնիտորը քիչ է:
«Շուրջ 300 դիմորդ այստեղ քննություն է տալիս, պարզ է չէ, թե ինչքան մարդ է այստեղ հավաքվել: Եւ բնական է, որ մոնիտորները քիչ կլինեն»,-ասաց նա: Ամեն դեպքում, նա ծնողներին խորհուրդ տվեց չաղմկել, որպեսզի չխանգարեն երեխաներին:
Նա նաև տեղեկացրեց, որ քննությունների ավարտից մեկ ժամ հետո Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ www.atc.am և www.gtk.am կայքում կտեղադրվեն թեստերի տարբերակները՝ իրենց ճիշտ պատասխաններով: Այսպիսով, դիմորդը քննությունից հետո կարող է իմանալ, թե որքան միավոր է հավաքել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան