Վենետիկում անցկացվել է Հայաստանի բիզնեսշուկան ներկայացնող համաժողով
Մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վենետիկում անցկացվել է «Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար» խորագրով գործարար համաժողով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման Հայկական գործակալությունը, «Ինֆոարմենիա» կազմակերպությունը, Վենետիկի քաղաքապետարանը և Բիզնեսի եվրոպական գործակալությունը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 80 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Վենետո նահանգից: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ.Հարությունյանը և Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռ.Հարությունյանն իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստանում առկա բիզնես միջավայրը և վերջինիս բարելավման նպատակով իրականացվող հետևողական քայլերը, ներդրումային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը, մշտապես կատարելագործվող համապատասխան իրավական դաշտը: Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից մեր երկրին տրված գնահատականները: Մասնակիցները տեղեկացվել են նաև Հանրապետության տարածքում արդեն իսկ գործող իտալական ընկերությունների գործունեության մասին:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Բ.Սահակյանը, ով իր ելույթում անդրադարձել է հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող գործունեությանը և առկա ծրագրերին: Գոհունակությամբ նշվել է տվյալ բնագավառում 2011թ. կտրվածքով արձանագրված զգալի առաջընթացը և ընթացիկ տարում ևս պահպանվող դրական զարգացումը:
Նշվել է նաև հայաստանյան շուկայի հանդեպ իտալական ընկերությունների հետաքրքրության աճի մասին: Առանձնահատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանը, տարածաշրջանի երկրներից շատերի հետ առևտրատնտեսական ամուր կապեր և ազատ առևտրի մասին պայմանագրեր ունենալու շնորհիվ, կարող է Իտալիայի համար շահավետ գործընկեր հանդիսանալ հայ-իտալական համատեղ արտադրանքը տարածաշրջանի շուկաներ արտահանելու տեսանկյունից:
Համաժողովին մասնակցող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ա.Ղազինյանը անդրադարձել է ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների վերջին զարգացումներին, մասնավորապես` ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման պարագայում փոխգործակցության խորացման հեռանկարներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են